Բաժիններ՝

Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը, որին կմասնակցի հատուկ հյուր` Google-ից

Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է՝ ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ լուծումների հանդեպ:

ecaHack Yerevan 2013-ին մասնակցելու համար պետք է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքում` մինչև հուլիսի 10-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների ու միջազգային ժյուրիի կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, ընդհանուր թվով՝ 10 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը երեք մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 27-ին Երևանում կայանալիք հաքաթոնին:

Նշենք, որ ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն,  mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Google Developer Group Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը, հուլիսի 27-ի առավոտյան թիմերը կհավաքվեն mLab ECA-ի գրասենյակում, որտեղ պետք է հաքաթոնի 12 ժամերի ընթացքում աշխատեն իրենց նախագծերի վրա, իսկ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես՝ 0-ական վիճակից, այնպես էլ՝ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Մասնակիցները պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք  օգտակար և հետաքրքիր կլինեն ամբողջ աշխարհում:

Կարդացեք նաև

Թիմի բոլոր անդամները Alcatel One Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաև՝ հնարավորություն կունենան հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն սենյակում. օժանդակություն, որպեսզի կատարելագործեն  ու լավագույն տեսքի հասցնեն իրենց ծրագիրը և հիմնեն սեփական կազմակերպություն:

Վ. Գրիգորյանի տեղեկացմամբ, միջոցառման հատուկ հյուրն է լինելու Google Mountain View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը երեկոյան mLab ECA-ի գրասենյակում կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ ելույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլև բոլոր հետաքրքրված անձինք:

Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաև ուկրաինական Happy Farm Business Incubator-ի ներկայացուցիչներին և ընտրվելու դեպքում ստանալ մինչև 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար:

Հաքաթոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս