Հաջիևը Ալիևի հանձնարարությամբ զանգահարեց, Նեթանյահուն արգելափակեց «հայոց ցեղասպանության» շուրջ քվեարկությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Կնեսետում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը քվեարկության դնելու գործընթացը։ Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, որոշումն ընդունվել է ադրբեջանական կողմի դիմումից հետո։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Իլհամ Ալիևի հանձնարարությամբ կապ է հաստատել Իսրայելի վարչապետի աշխատակազմի հետ։ Դրանից հետո Նեթանյահուն արգելափակել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ավելի վաղ առաջ քաշված նախաձեռնությունը։
Իսրայելցի պաշտոնյաները հետագայում վստահեցրել են Բաքվին, որ հարցը հանվել է Կնեսետի օրակարգից և չի դրվելու քվեարկության խորհրդարանական ամառային արձակուրդներին նախորդող վերջին լիագումար նիստերին։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն աջակցել էր 1915 թվականի իրադարձությունների ճանաչման առաջարկին, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ էր խորհրդարանի քվեարկությունը։ Կնեսետը մինչ օրս պաշտոնական նման որոշում չի ընդունել:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

