Օմարը հեռանում է «Նոայից»
Մարոկկոյի և Նիդերլանդների քաղաքացիություն ունեցող 28-ամյա կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը հեռանում է Երևանի «Նոայից»։ Այս մասին պաշտոնապես հայտնել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
«Իմրան Ուլադ Օմարը տեղափոխվում է այլ ակումբ։ Շնորհակալություն, Իմրան, մեր թիմի կազմում անցկացրած երկու մրցաշրջանների և քո գեղեցիկ գոլերի համար: Երեկոն Լյուբլյանայում երբեք չի մոռացվի: Հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ամստերդամում ծնված ֆուտբոլիստը հայկական ակումբի կազմում անցկացրել է երկու տպավորիչ և վառ մրցաշրջան։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 65 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Իմրան Ուլադ Օմարը հիմնականում հանդես է գալիս որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան, սակայն կարող է խաղալ նաև ձախ եզրում և դաշտի կենտրոնում։ Transfermarkt հեղինակավոր պորտալի համաձայն՝ երկու ոտքին էլ գերազանց տիրապետող ֆուտբոլիստի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 600 հազար եվրո:
Թե որ ակումբում կշարունակի իր մարզական կարիերան փորձառու կիսապաշտպանը, առայժմ հայտնի չէ։

