Ոսկե սարեր են խոստանում՝ տանելով կառափնարան
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանումն արգելափակելուց հետո, Նիկոլ Փաշինյանի եվրոհովանավորները ոսկե սարեր են խոստանում հայաստանյան արտադրողներին ու արտահանողներին։ Հայտարարում են, որ պատրաստ են Եվրոպայի դռները լայնորեն բացել նրանց առաջ։
Թե ի՞նչ են տալիս այդ հայտարարությունները, տեսնում ենք. Երկրորդ ամիսն է, ինչ Ռուսաստանը փակել է իր շուկան հայկական գյուղմթերքների առաջ, արտադրողները մեծ վնասներ են կրում, իսկ եվրոպական շուկաներում հայկական ապրանքներն ինչպես տեղ չունեին, այնպես էլ շարունակում են չունենալ։ Եվրոպաշտոնյաների հայտարարություններն առայժմ հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Այդպես էլ հայտնի չդարձավ՝ գոնե խոստացած 52 մլն դոլարի օժանդակությունը տեղ հասա՞վ, թե՞ դեռ ճանապարհին է։ Չնայած բոլորն էլ հասկանում են, որ դա կաթիլ է մեկ բաժակ ջրում, այն վնասների համեմատ, որոնք կրում են արտադրողներն ու արտահանողները։
Այդքանից հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում կուրծք է ծեծում, թե կարող են հայկական ապրանքները ռուսականից վերաուղղորդել եվրոպական շուկաներ։
«Մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։
Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99 տոկոս թարմ գյուղմթերքի համար, նաև 90 տոկոս խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա»,- ասում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եթե այդպես է, ո՞ւմ եք սպասում։ Թե՞ սպասում եք գյուղատնտեսական սեզոնն ավարտվի, նոր վերաուղղորդեք, որ այլևս վերաուղղորդելու բան չլինի։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած Եվրահանձնաժողովը նախագիծ է պատրաստել, որը պատրաստվում է ներկայացնել Եվրամիության անդամ երկրներին՝ Հայաստանին առևտրային արտոնյալ ռեժիմ տրամադրելու համար։ Ներկայացնելուց հետո, ԵՄ երկրները դեռ պետք է քննարկեն այդ առաջարկությունը, հետո էլ հավանություն տան կամ չտան։ Հավանություն տալուց հետո միայն հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքներն առանց մաքսատուրքերի մտցնել ԵՄ շուկաներ։
Դա ե՞րբ կլինի, հայտնի չէ։
«Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։
Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»,- իր եվրոհովանավորներին հորդորում է Նիկոլ Փաշինյանը:
Այլ բան, թե նրանք ինչքանո՞վ կլսեն այդ հորդորը։
Մեկ այլ հարց է, թե ի՞նչ կտա արտադրողին ու արտահանողին մաքսային այդ արտոնյալ ռեժիմը։
Ժամանակին այդպիսի ռեժիմ հայկական ապրանքներն ունեցել են G+ համակարգի շրջանակներում։ Ընդ որում՝ անհամեմատ ավելի մեծ քանակությամբ ապրանքների մասով, քան հիմա են խոստանում։ Այն ժամանակ մաքսային արտոնյալ ռեժիմ ուներ 6 հազար անուն ապրանք, հիմա մտադիր են այդպիսի ռեժիմ տրամադրել ընդամենը 350-400 անուն ապրանքի համար։ Առնվազն 15 անգամ ավելի քիչ։
Ու դեռ հարց է, թե ե՞րբ արտադրողին հասանելի կլինի այդ արտոնությունը։
Մինչ Հայաստանը կստանա այդ արտոնությունը, դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կմնա աճեցված բերքից։
Արտոնություն ստանալուց հետո էլ, դեռ հարց է, թե այն որքանո՞վ կգործի, հայաստանյան արտադրողները որքանո՞վ կկարողանան, իսկ այդ երկրների շուկաների մասնակիցները որքանո՞վ թույլ կտան օգտվել այդ շուկաներից։
Արտոնյալ մաքսային ռեժիմներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե դրանից հետո հայկական ապրանքներն այլևս խնդիրներ չեն ունենա եվրոպական շուկաներում։ Դա լինելու է ընդամենը մուտքի ազատ ռեժիմների տեսքով։ Այդ ապրանքները դեռ պետք է կարողանան եվրոպական շուկաների տեխնիկական չափանիշներին բավարարել, մրցունակություն ապահովել, սպառող գտնել՝ եվրոպական հագեցած շուկաներում։
Արտոնյալ մաքսային ռեժիմներ տրամադրելով՝ խնդիրները ոչ թե ավարտվում են, այլ նոր են սկսվում։ Հայ արտադրողն ու արտահանողը եվրոպական շուկաներին ծանոթ չեն, լոգիստիկ ու լեզվական դժվարություններ ունեն, որոնք հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Իսկ այդ ժամանակը չկա, գյուղմթերքը չի կարող սպասել, թե եվրոպական երկրները երբ «կանաչ լույս» կվառեն հայկական գյուղմթերքների համար, արտադրողներն ու արտահանողները երբ կկարողանան ծանոթանալ եվրոպական շուկաների կոնյունկտուրային, երբ կկարողանան լուծել տեղափոխման ու իրացման խնդիրները, երբ կհաղթահարեն լեզվական դժվարությունները։
Այս պայմաններում որևէ նշանակություն չունեն Եվրոհանձնաժողովի նախագահի այն հայտարարությունները, թե Եվրոպայի դռները կբացեն Հայաստանի թարմ գյուղմթերքի՝ գրեթե 99 տոկոսի, իսկ խմիչքների՝ 90 տոկոսի համար։ Եվրոպայի դռները բացելը դեռ չի նշանակում, թե հայկական ապրանքները կարող են դրանից հետո տեղ զբաղեցնել այդ շուկաներում։ Տեղ զբաղեցնելը շատ ավելի բարդ է լինելու, առավել ևս՝ հայկական խմիչքների ու հատկապես կոնյակի համար։
Հայկական արտադրության այսօրվա կոնյակի քանի՞ տոկոսը կարող է բավարարել եվրոպական չափանիշներին ու պահանջներին, որպեսզի իրացման հնարավորություն ու պահանջարկ ձեռք բերի այդ շուկայում։ Եթե նույնիսկ ինչ-որ պահի հաջողվի էլ, դա տարիներ է պահանջելու։ Իսկ այդ ընթացքում, թե ի՞նչ կմնա հայկական խաղողագործությունից, դժվար չէ պատկերացնել։
Խմիչքները ռուսականից եվրոպական շուկա վերաուղղորդելը ծանր հեռանկարներ է խոստանում ոչ միայն խմիչքների արտադրությանը, այլև ընդհանրապես գյուղատնտեսության այդ ամբողջ ճյուղին։ Նույնը նաև թարմ գյուղմթերքներին ու վերամշակվող գյուղատնտեսությանն է վերաբերում։
Ոչ մի Ուրսուլա ֆոն դեր Լայեն կամ որևէ այլ եվրոպաշտոնյա չի կարող երաշխիքներ տալ, որ մաքսային արտոնյալ պայմաններ տրամադրելով Հայաստանին՝ կլուծեն հայկական ապրանքների իրացման խնդիրները, որ ռուսական շուկայի սահմանափակումների պայմաններում դրանք կտեղափոխվեն ԵՄ երկրների շուկաներ։ Միանշանակ է, որ այսօր հայկական ապրանքները պատրաստ չեն ռուսական շուկան փոխարինել ԵՄ շուկայով։ ԵՄ շուկան ևս նման հնարավորություն չի տալիս։ Եվրոպական երկրները սեփական տնտեսական, այդ թվում՝ արտադրանքի իրացման խնդիրները չեն կարողանում լուծել, ուր մնաց թե՝ Հայաստանինը լուծեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

