Բաժիններ՝

Ջոհար Ցարնաևի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 30 կետով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ջոհար Ցարնաևի նկատմամբ երեկ ներկայացվել է պաշտոնական մեղադրանք՝ կապված զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) օգտագործելու և 4 մարդ սպանելու հետ: Այս մասին հայտարարել է Դաշնային դատախազությունը:

Ցարնաևի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 30 կետով, որոնցից 17-ով նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Ջոհար Ցարնաևին կասկածում են այս տարվա ապրիլի 15-ին Բոստոնի ամենամյա մարաթոնի եզրագծում երկու պայթյուն կազմակերպելու մեջ:

Այդ պայթյունների հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել էր ավելի քան 260 մարդ: Ոստիկանության մեկ աշխատակից էլ զոհվել էր կասկածյալների հետ փոխհրաձգության ժամանակ: Դրա ընթացքում սպանվել էր նաև երկրորդ կասկածյալը՝ Ջոհարի ավագ եղբայրը՝ Թամերլան Ցարնաևը:

Ձերբակալվելուց հետո Ջոհար Ցարնաևն ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը դրել էր եղբոր վրա: Ահաբեկչությունն իրականացվել էր որպես վրեժխնդրություն՝ Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած կամպանիաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս