Բաժիններ՝

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ` 2 փուլով. ԿԳՄՍՆ

ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ 2 փուլով։

«Սկզբում պետք է մուտք գործել my.emis.am հարթակ և բացել օգտատիրոջ էջը։ Երկրորդ քայլով, եթե արդեն անցել եք նույնականացում և ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման և էջը բացելու մանրամասները ներկայացված են տեսաուղեցույցներում։ Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով»,– ասված է հաղորդագրությունում։

Հայտագրման առաջին փուլով հուլիսի 20–ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 00։00–ն ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար։ Դրանք համակարգում նշված կլինեն։

Նախարարությունից հայտնում են, որ արտոնություններից կարող են օգտվել տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները, տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները։

Արտոնությունից կօգվեն նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող որոշ խմբերի երեխաները։ Խոսքն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների մասին է, ինչպես նաև խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների։

Արտոնությունից օգտվելու իրավունք ունեն նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչ հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։

Երկրորդ փուլը մեկնարկելու է օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից։ Տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։

Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկվորյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչներ), ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների և ծնողներից մեկի` ՀՀ քաղաքացիություն ունենալու մասին է։

Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որոնցում ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով։ Դրանք են` մասնագիտացված դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններն ու միջնակարգ դպրոցները կամ վարժարանները, որոնցում ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են` հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930