Նպաստառուների 70-80 տոկոսը կզրկվի նպաստից

Նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին համատարած «սոցիալական նպաստներ» և արտոնություններ բաժանող իշխանությունն ընտրություններից հետո հարձակում է սկսել քաղաքացիների ու հարկատուների վրա։

Ընտրություններից հաշված օրեր հետո որոշել են անակնկալ մատուցել նաև սոցիալապես  անապահով ընտանիքներին։ Հուլիսի 1-ից կներդնեն ընտանիքների անապահովության գնահատման նոր չափանիշները ու դրանց հիման վրա կորոշեն, թե ովքեր են բավարարում նպաստ ստանալու պահանջներին։ Որքան էլ նոր չափանիշների ներդրումը տարբեր փաթեթավորմամբ են փորձում ներկայացնել, դա մեկ հիմնական նպատակ ունի՝ հնարավորինս քիչ մարդու սոցիալական նպաստ տալ։

Ներդրումից հետո նպաստ ստացող քաղաքացիների գրեթե 70-80 տոկոսը զրկվելու է նպաստ ստանալուց։

Անապահովության գնահատման նոր չափանիշների ներդրման ժամկետը հատուկ են հուլիսի 1-ին սահմանել, որպեսզի ընտրություններից առաջ խուսափեն դժգոհությունների ալիքի բարձրացումից։ Ընտրություններն ավարտվեցին, հիմա արդեն կարող են անկաշկանդ անել այն ամենը, ինչ ընտրություններից առաջ թաքցնում էին։

Կարդացեք նաև

Գնահատման նոր չափանիշների ներդրումից հետո, տասնյակ-հազարավոր ընտանիքներ կզրկվեն նպաստ ստանալու հնարավորությունից։ Այդ են վկայում, թերևս, մինչ այդ իրականացված փորձնական ծրագրի արդյունքները։

Փորձնական ծրագիրն իրականացրել են Կոտայքի և Սյունիքի մարզերում, որից հետո անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը կտրուկ կրճատվել է։

Եթե փորձնական ծրագրի իրականացումից առաջ 2025թ. սկզբին Կոտայքի մարզում ընտանեկան նպաստ էր ստանում 3762 ընտանիք, գնահատման նոր չափանիշների ներդրումից հետո ստանում է ընդամենը 1125-ը։

Նպաստ ստացող ընտանիքների քանակը 3.3 անգամով կրճատվել է։ Նախկին 3762 ընտանիքից՝ 2637-ը զրկվել է նպաստ ստանալու հնարավորությունից։

Նույնը նաև Սյունիքի մարզում է։ 2025թ. սկզբին նպաստառու ընտանիքների թիվը հասնում էր 1219-ի։ Այս տարի մնացել է 350 ընտանիք՝ կրճատվել է գրեթե 3.5 անգամով։

Գնահատման չափանիշները փոխելուց հետո Կոտայքի ու Սյունիքի մարզերում նպաստ ստացող գրեթե 5 հազար ընտանիքներից, վերջին տվյալներով, մնացել է ընդամենը 1280-ը։

Մնացածը մի հրաշքով դարձել են ոչ անապահով։ Բայց ոչ թե այն պատճառով, որ այդ կարճ ժամանակում կտրուկ փոխվել է նրանց կյանքը, այլևս դադարել են լինել սոցիալապես անապահով, այլ որովհետև գնահատման չափանիշների խստացման միջոցով դուրս են թողել։

Հիմա որոշել են հուլիսի 1-ից այս համակարգը համատարած տարածել մյուս բոլոր մարզերի վրա։ Դրանից հետո դժվար չէ պատկերացնել, թե քանի նպաստառու ընտանիք դուրս կմնա համակարգից ու կզրկվի մի քանի հազար դրամ նպաստ ստանալու հնարավորությունից, որով շատերը կարողանում են օրվա հացի խնդիր լուծել։

Այն, ինչ պատրաստվում են անել, հակասոցիալական քաղաքականություն է բազմաթիվ ընտանիքների նկատմամբ։ Բայց այդ քաղաքականությունը նոր չէ, որ իրականացնում են այս իշխանությունները։ Նրանց իշխանության գալուց հետո տասնյակ-հազարավոր ընտանիքներ արդեն զրկվել են նպաստից։ Մնացածների մեծ մասն էլ կզրկվեն հուլիսի 1-ից հետո, անապահովության գնահատման իրենց իսկ սահմանած նոր չափանիշների ներդրումից հետո։

Մինչև 2018թ. Հայաստանում ընտանեկան նպաստ էր ստանում ավելի քան 100 հազար ընտանիք։ Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ այդ ընտանիքների քանակը կազմել է 46 հազար։

Ութ տարում նպաստ ստացող ընտանիքների քանակը ավելի քան 54 տոկոսով կամ 2.2 անգամով կրճատել են։ Ութ տարում 54 հազար ընտանիքի նպաստը կտրել են։

«Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից»,- նպաստներից մարդկանց զրկելն այսպես է փորձում արդարացնել սոցապ նախարար Արսեն Թորոսյանը՝ մոռանալով, որ վերջին տվյալներով, Հայաստանում 650 հազարից ավելի աղքատներ կան, ու նրանց քանակը, նաև աղքատության մակարդակն անցած 8 տարիներին շոշափելի փոփոխությունների չի ենթարկվել։ Այդ պայմաններում անապահով ընտանիքների 54 տոկոսին նպաստից զրկելը ոչ թե նրանց սոցիալական վիճակի բարելավման, այլ միտումնավոր անապահովության գնահատման չափանիշները խստացնելու ու այդ ճանապարհով մարդկանց մի քանի հազար դրամ սոցիալական նպաստից զրկելու հետևանք է

Գնահատման նոր չափանիշների ներդրումից հետո ավելի շատ ընտանիքների կզրկեն նպաստից։ Այսօրվա 46 հազարից կմնա հավանաբար 10-15 հազարը։

Ութ տարի առաջ ավելի քան 100 հազար ընտանիք էր նպաստ ստանում։ Մինչև հիմա 54 հազարին զրկել են, առաջիկայում ևս 30-35 հազարին կզրկեն։

Այսքանից հետո պարծենում են, թե նպաստներն ավելացրել են։ Բայց չեն ասում, որ դա արել են, այսուհետ էլ պատրաստվում են անել տասնյակ-հազարավոր նպաստառու ընտանիքներին համակարգից դուրս թողնելու և նպաստից զրկելու միջոցով։

Անապահովության գնահատման գործող համակարգն իսկապես բազմաթիվ խնդիրներ ունի։ Բայց դա չի նշանակում, թե մարդկանց այդ համակարգից պարտադրաբար հանելով՝ նրանց սոցիալական խնդիրները լուծվելու են։

Թե ինչո՞ւ են որոշել անապահովության գնահատման նոր չափանիշներ ներդնել, դժվար չէ հասկանալ. բյուջեի փողերն են տնտեսում՝ անապահով քաղաքացիների վրա։ Նոր ճանապարհներ են հորինում՝ իրենց միլիոնների հասնող պարգևավճարներ բաժանելու  համար, իսկ անապահովներին զրկում են մի քանի հազար դրամ նպաստից։ Կարծում են՝ սոցիալական անապահովության գնահատման չափանիշներն արհեստական փոխելով ու մարդկանց աչքերին թոզ փչելով՝ աղքատությունը կվերանա, կամ մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930