Ընդդիմությունից հիասթափված 39 դաշտային հրամանատար հանձնվել է Ասադի զորքերին
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Թել-Քալյահ քաղաքը երկամյա դիմակայությունից հետո վերստին հայտնվել է սիրիական բանակի վերահսկողության ներքո:
Կառավարական բանակին այստեղ հանձնվել է 39 դաշտային հրամանատար, որոնք խոստովանել են, որ իրենք չեն պարտվել ճակատամարտում, պարզապես հիասթափվել են ընդդիմությունից և միտումնավոր վայր են դրել զենքը:
Սիրիական ընդդիմությունը, սակայն, հերքել է այն տեղեկատվությունը, որ ռազմավարական կարևորություն ունեցող այդ քաղաքն ընկել է՝ ընդգծելով, որ քաղաքում շարունակվում են մարտերը: Բրիտանական թերթի լրագրողը, ով գտնվել է դեպքի վայրում, չի հաստատել սիրիական ընդդիմության տարբերակը:
Հոմսի նահանգի (որի մեջ է մտնում Թել-Քալյահ քաղաքը) ղեկավար Ահմեդ Մունիրը հայտարարել է, որ սիրիական բանակը քաղաք է մտել այն բանից հետո, ինչ Կատարում «Սիրիայի բարեկամների» խմբի անդամ 11 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվեց ավելի շատ զենք և ռազմական հանդերձանք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
Սիրիայի ապստամբները կառավարական բանակի զինծառայողներին տվյալ քաղաքից դուրս էին մղել Սիրիական հակամարտության սկսվելուց քիչ անց: