Թավշյա ադրբեջանահպատակությունից՝ պողպատյա այլանդակություն
Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելու գործին. Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են կալանավորել, Գագիկ Ծառուկյանից խլում են ունեցվածքը, սպառնում է նստեցնել, գրեթե ամեն օր ձերբակալվում են ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ղեկավար անդամներ ու շարքային համակիրներ…
Իշխանական քարոզչությունն այս գործընթացը ներկայացնում է՝ որպես նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի տված խոստումների իրականացում՝ «էլ թավիշ չի լինելու» տրամաբանությամբ, այսինքն՝ իշխանությունը պատժում է բոլոր նրանց, ում ինքը հռչակել է «պետության թշնամի»: Սա չափազանց վտանգավոր ընթացք է, որը բազմապատկելու է հանրային՝ դեռևս չարտահայտվող ցասումը և մի օր կարող է պայթել ռումբի պես…
Ցանկացած ղեկավար ընտրություններում հաղթելու հաջորդ պահին հայտարարում է, որ ինքը ոչ միայն իր օգտին քվեարկած, այլ նաև իրեն չընտրած քաղաքացիների ղեկավարն է և իր պաշտոնավարման շրջանում ամեն ինչ անելու է՝ նաև իրեն չընտրածների վստահությանն արժանանալու համար:
Նիկոլ Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ քաղաքական հետապնդումների ենթարկելով իր հակառակորդներին, վերջիններիս ընտրած բոլոր քաղաքացիներին ազդակ է հղում, որ թքած ունի նրանց քվեի վրա, որ այդ քաղաքացիներին ևս ինքը համարում է «պետության թշնամի», և, որ ամեն ինչ անելու է՝ նրանցից վրեժխնդիր լինելու համար:
Այս գործողություններով Նիկոլ Փաշինյանը խորացնում է հասարակության շրջանում առանց այդ էլ վտանգավոր աստիճանի հասած պառակտումը: Անցած տարիներին հանրային պառակտումն օգնել է նրան՝ պահպանել իշխանությունը, բայց ամեն օրվա հետ քայքայել է պետության ներքին դիմադրողականությունը: Բայց Նիկոլ Փաշինյանի գործողությունների հիմքում ընկած է ոչ միայն պրիմիտիվ վրեժխնդրությունը, այլ նաև երկարաժամկետ քաղաքական հաշվարկը:
Խորհրդարանական ընտրություններում շատ դժվարությամբ ու առավելապես արտաքին դերակատարների միջամտությամբ իշխանությունը պահպանելուց հետո առաջիկայում նա գնալու է հասարակության համար շատ ցավոտ քայլերի՝ հակահայկական սահմանադրության ընդունումից ու «անկլավների վերադարձից»՝ մինչև Ադրբեջանի մնացած այլ պահանջների կատարում: Բևեռացված, ընդհուպ՝ թշնամանքի հասած հանրային խմբերի առկայությունը Փաշինյանին անհրաժեշտ է որևէ հարցում հասարակական համախմբումը բացառելու, իր քայլերի դեմ ընդվզման հավանականությունը զրոյին հասցնելու համար:
Այսինքն՝ մի կողմից՝ նա հետապնդում է ընդդիմության ղեկավարներին՝ հնարավոր հակազդեցության կազմակերպումը թույլ չտալու համար, մյուս կողմից՝ հուսահատություն ու օտարվածություն է սերմանում իշխանությանը դեմ տրամադրված հանրային խմբերի միջև, որոնք այսօր տեղի ունեցողն աչքի առաջ ունենալով, կխուսափեն առաջիկայում որևէ գործընթացի մասնակցելուց: Նիկոլ Փաշինյանն, այսպիսով, ցույց է տալիս, որ ընտրություններում ինքը «հաղթել» է ոչ միայն ու ոչ այնքան՝ իր քաղաքական հակառակորդներին, որքան, առաջին հերթին՝ իրեն չընտրած սեփական քաղաքացիներին:
Նա առաջնորդվում է «ով ինձ չի ընտրել, իմ թշնամին է» սկզբունքով՝ այդպես երևի վրեժ լուծելով բոլոր այն քաղաքացիներից, որոնք, ոչ առանց հիմքի՝ իրեն են համարում Հայաստանի թշնամի՝ պետությունը քայքայելու ու ադրբեջանական սատրապության վերածելու համար:
Հարություն Ավետիսյան

