Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, հինգ տարի չենք նստելու և սպասելու հաջորդ ընտրություններին․ Իշխան Սաղաթելյան

Մանդատները վերցնել-չվերցնելու, առհասարակ ընդդիմության հետագա աշխատանքի գլխավոր խնդիրն այն է, թե ի՞նչ մարտավարություն ենք որդեգրում, առաջիկայում ի՞նչ է ծրագրվում։ Այս հարցի շուրջ բավական եռանդուն, բաց և անկեղծ քննարկում է տեղի ունենում և՛ մեր միավորների ներսում, և՛ ընդդիմադիր տարբեր քաղաքական միավորների միջև։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, հինգ տարի չենք նստելու և սպասելու հաջորդ ընտրություններին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ և չի ստացել մեր ժողովրդի մեծամասնության քվեն, մանդատ չունի Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու, անկլավներ հանձնելու կամ նոր զիջումներ անելու։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ապօրինությունների, բռնությունների, բռնաճնշումների միջոցով ամրապնդել իր իշխանությունը, ցույց տալ, թե իբր ժողովրդի կողմից լեգիտիմություն ունի՝ նման քայլերի և գործողությունների գնալու։ Առանց ժողովրդական հուժկու շարժման՝ հնարավոր չէ խնդիրը լուծել։ Թե դա երբ պետք է տեղի ունենա, ինչ մեխանիզմներով, ինչ ծրագրով, քայլերի ինչ հերթականությամբ՝ քննարկումների արդյունքում կգանք համաձայնության»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մենք պետք է պարզ խոսենք մեր ընտրողների հետ և լծվենք աշխատանքի։ Դա պետք է լինի մարդկանց կամքն արտահայտելու ճանապարհով, որովհետև խախտված են մեր ժողովրդի իրավունքները։ Շատ կարևոր է ընդդիմության միասնական օրակարգը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչ ձևաչափով է մասնակցել ընտրություններին։ Ողջունում ենք Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, և պետք է մշակենք ընդդիմության համագործակցության ֆունկցիոնալ օրակարգ»,-  նշեց Սաղաթելյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնել-չվերցնելուն, ընդդիմությունը կանգնած է բավական ծանր և դժվարին խնդրի առջև.

«Կան և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու կողմնակիցներ հենց մեր ընտրողների, նաև մեր կուսակցության շարքերում, և այդ երկու տեսակետներն էլ ապրելու իրավունք ունեն։ Բայց մանդատ վերցնելու տրամաբանությունը, եթե գնանք այդ ճանապարհով, լինելու է այն, որ ինչպիսի փողոցային պայքար ու ժողովրդական ընդվզում էլ լինի, դրա վերջին ակորդը, իրավական փաթեթավորումը տեղի է ունենալու խորհրդարանում։ Հետևաբար՝ այդ ժամանակ մանդատներն անհրաժեշտ են»:

«Միայն խորհրդարանական գործիքակազմով մենք փոփոխության հասնել չենք կարող, հետևաբար՝ եթե մենք վերցնենք մանդատները, դա պետք է լինի և՛ փողոց, և՛ խորհրդարան, հակառակ պարագայում իմաստ չկա մանդատ վերցնելու։ Միայն խորհրդարանական մանդատով հաջողության հասնելու հնարավորություն չկա։ Մանդատ վերցնելը ենթադրում է նաև պատասխանատվություն։ 550 հազար մարդ քվե է տվել, և պետք է գնալ ու այդ պահանջներով պայքարը շարունակել, այլ ոչ թե խուսափել այդ պատասխանատվությունից։ Խորհրդարանի լեգիտիմության հարցը պայմանավորված է ոչ թե մեր գնալ-չգնալով, այլ իրենց կեղծած ընտրություններով»,-  ասաց Իշխան Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930