ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ՎԵՐՑՆԵԼ, իսկ այդ կլասիկ придурок-ը՝ բազմակի օգտագործված լաթը, մոռացել է՝ ոնց էր կիսախոնարհվելով անցնում իմ մոտով. Վարդան Պողոսյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Որևէ հեղափոխություն հասունանում և տեղի է ունենում, երբ երկրի ներսում կա պարարտ հող և արտաքին աջակցություն: 2018թ. Հայաստանում հենց դա տեղի ունեցով: Հեղափոխություն տեղի չի ունենում որևէ սահմանադրության պատճառով: Ցավոք, ինքնին բավականին երկար ժամանակ ընդդիմադիր կեցվածք դրսևորող մարդկանց շրջանում կա այդպիսի մոլորություն, որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի է ունեցել Սահմանադրության պատճառով: Սահմանադրությունն ինքնին խաղի կանոններ է սահմանում երկրի ներսում, իսկ եթե այն մարմինները, որոնք կոչված են պահպանելու երկրում սահմանադրականությունը, դա չեն անում, նշանակում է՝ երկրում տապալվել է սահմանադրական կարգը: Հայաստանում այն տապալված է 2020 թվականից: Ցավոք, Հայաստանում 2018թ. մարդիկ հավատացին մի դեմագոգի, որը երկիրը տանում է կործանման:
- Իմ շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր ասում են՝ նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերն ավելի լավն էին, քան խորհրդարանականը: Այդ դեպքում ես ասում եմ՝ ինքնին ոչ մի համակարգ վատը չէ, կարևոր է, թե կիրառողներն այն ինչպես են կիրառում: Խնդիրը ոչ թե համակարգն է, այլ քաղաքական համակարգը և ուժերի հարաբերակցությունը. օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրամփին թույլ է տալիս առանց Կոնգրեսի թույլտվության պատերազմել Իրանի դեմ: Այնպես որ, խնդիրը կառավարման համակարգը չէ:

- Կիսանախագահական համակարգն ինքնին դեպքերի մեծամասնության պարագայում բերում է ներքին կառավարման ճգնաժամի: Սա էր հիմնական մոտիվը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելիս: Երբ նախագահը մի բան է ուզում, խորհրդարանական մեծամասնությունը՝ մեկ այլ բան, երկրում լինում են պերմանենտ ճգնաժամեր:
- Սահմանադրությունը չի կարող բոլոր քաղաքական իրավիճակներին պատասխան տալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դուք Խորհրդարանում ուժերի ինչ համամասնություն կունենաք:
- Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանը երկու կենտրոնների կողմից կանգնեցվել է վերջնական ընտրության առաջ՝ կամ Արևելք, կամ Արևմուտք: 2018թ.-ից սկսած ռուսաֆոբությունը բերել է մի իրավիճակի, երբ մարդիկ արդեն վախ չեն զգում մեր երկու պատմական թշնամիներից, որոնք մեր հարևաններն են, մինչդեռ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը մինչ օրս չեն թաքցնում իրենց հայատյացությունը և մտադրությունները մեր վերաբերյալ: Այստեղ Արևելք-Արևմուտք ընտրություն չկա, կա Ռուսաստան, Իրան-Թուրքիա ընտրություն:
- 2018թ. հեղափոխությամբ մարդիկ ոչ թե Սերժ Սարգսյանին մերժեցին, այլ Արցախը:
- Կառավարման համակարգերը և արտաքին քաղաքական ուղղվածությունը, երկրի աշխարհաքաղաքական ընտրությունը բացարձակորեն իրար հետ փոխկապակցված հանգամանքներ չեն: Այսօր հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց սնանկությունը ծածկելու նպատակով ասում են՝ այս օրին ենք հասել Սահմանադրության պատճառով՝ ըստ էության թղթին տալով մոգական ուժ:
- Էդմոն Մարուքյանի պես դեմագոգ, կլասիկ ճամբարափոխ մարդը փաստացի մեր Սահմանադրությունից ոչինչ չի հասկանում: Եթե մարդը վիրավորական հայտարարություններ է անում, պիտի իջնես իր մակարդակին ու ի պատասխան ասես՝ придурок-ն էլ ես դու, մնացած ամեն ինչն էլ, ու ասես՝ ընդամենը բազմակի օգտագործված լաթի կտոր ես դու (ինչպես արդարացիորեն Էդմոն Մարուքյանին անվանել էր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից)… Մոռացել է երևի, որ 2018թ. առաջ կիսախոնարհվելով էր անցնում իմ մոտով… Հիմարների հետ չեն վիճում, նրանց արհամարհում են:
- Եթե ոմանք ասում են, որ այս Սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգ է հաստատված՝ իբր նկատի ունենալով այն լիազորությունները, որոնք վերապահված են վարչապետին, թող Սահմանադրությունը կարդան: ՀՀ վարչապետն այս Սահմանադրությամբ ունի այնքան լիազորություններ, որքան ցանկացած խորհրդարանական կառավարման համակարգով երկրի վարչապետ կամ նախագահական ու կիսանախագահական երկրի նախագահ: Փաստացի հիմա Փաշինյանն է սահմանել սուպերվարչապետական համակարգ, որովհետև ասում է՝ կառավարությունը ես եմ. մինչդեռ Սահմանադրությունն այնքան լիազորություններ չի տվել վարչապետին, որ նա կարողանա հանդես գալ ողջ կառավարության անունից:

- Փաշինյանը կեղծել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, և դա ինձ համար ակնհայտ է: Ձևավորված այս Պառլամենտը ոչ լեգիտիմ Պառլամենտ է: Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Փաշինյանն ընտրություն է կեղծել, թե՞ այն, որ նա ձևավորել է այնպիսի իրավապահ ու այլ համակարգեր, որոնք ամբողջությամբ կատարում են իր ցուցումները: Եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ու Փաշինյանը լիներ նախագահ, ամեն ինչ ա՞յլ կերպ էր լինելու: Եթե ինքը 2021թ. չունենար այն մեծամասնությունը, որը նրան թույլ կտար ձևավորել այսօրվա համակարգը, այս պատկերը չէր լինի:
- Սահմանադրությունը 2020թ. Փաշինյանի կողմից փոփոխվեց գռեհիկ, կոպիտ եղանակով: Սահմանադրության այն դրույթին, որի արդյունքում փոխվեց Սահմանադրական դատարանի կազմը, ընդհանրապես մղոններով չէր կարելի մոտենալ: Ի դեպ, երբ այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը փորձեց այս որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում, հենց էս նույն կլասիկ придурок-ն էր (Էդմոն Մարուքյանը,- Ս.Ս.), որն իր ձայները չտվեց ընդդիմությանը, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու ՔՊ-ի կողմից ընդունված ԱԺ որոշումը: Այդ ժամանակ ՍԴ-ն գործում էր հին կազմով և ԱԺ այդ որոշումը հաստատ հակասահմանադրական կճանաչեր:
- Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակն է, իշխանության լեգիտիմության մասին խոսք լինել չի կարող: Ի՞նչ լեգիտիմության մասին կարող է լինել խոսքը, երբ ողջ նախընտրական շրջանում ընդդիմադիր թիվ 1 ուժի լիդերը՝ Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ է, ընդդիմության թիմերից 800 հոգի ձերբակալված են, վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահում է եղել, հետապնդումներ, բռնաճնշումներ, արտաքին խայտառակ միջամտություններ…
- Փաշինյանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չունի, այլև առհասարակ հայտարարված արդյունքներով մեծամասնություն չունի: Ինքը հայ ժողովրդի մանդատը չունի: Ու այս պարագայում խոսել մանդատները չվերցնելուց, հասկանալի չէ:
- Նիկոլ Փաշինյանն այս օրերին հայտարարել է, որ ինքը շատ երջանիկ կլինի, եթե 3 ընդդիմադիր ուժերը չմտնեն Պառլամենտ: Ինքն այդ դեպքում Պառլամենտ կմտցնի պրոիշխանական իր սատելիտ ուժերին, իրար ջան կասեն, ջան կլսեն… Էդ դեպքում իրենք պետք է խախտեն Ընտրական օրենսգիրքը, որովհետև ըստ օրենքի՝ այդ տեղերը պետք է մնան թափուր, եթե ցուցակում եղած բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից: Ես, իհարկե, կասկած չունեմ, որ Փաշինյանն օրենքի խախտմամբ կհասնի դրան: Ինքը ճանապարհը կգտնի այդ տեղերը լրացնելու համար:
- Ամենայն հարգանքով այն մարդկանց նկատմամբ, ովքեր ազնվորեն մտածում են, որ մանդատները չվերցնելը ճիշտ է, ես բերեմ 2 հակափաստարկ: Նույնիսկ եթե «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) չմտնի Ազգային ժողով, Փաշինյանը 2/3 մեծամասնություն չի ունենալու, ինչը Փաշինյանի համար կենսական խնդիր է: Առանց դրա ինքը չի կարողանալու ընդունել նոր Սահմանադրություն կամ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ, ինչը պահանջում է Ալիևը: Այլ ճանապարհ, քան 2/3-ն է, դրա համար չկա: Օրեր առաջ արդարադատության նախարարը (Սրբուհի Գալյանը) ասել է, որ իբր կա հանրաքվեի անմիջական իրավունք: Կարող եմ ենթադրել, թե նախարարուհին ինչ Օվերտոնի պատուհան է փորձում բացել:

Եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, հաստատ Պառլամենտում 2/3 մեծամասնություն ունենալու են, հետևաբար՝ չարժե այդ նվերը տալ Փաշինյանին: ՔՊ-ում մտածում են նաև հանրաքվեի իրավունքն իրականացնել: Նախարարի ասածը Սահմանադրության մեջ գոյություն չունի, չեն կարող իրենց ասած 300.000 ստորագրությունները հավաքելով՝ հանրաքվե անել: Նրանք դա անելու իրավունքը չունեն:
Մենք բոլորս կարող ենք մասնակցել հանրաքվեի, բայց հանրաքվե անցկացնելու իրավունք չունենք: Իրավաբանի համար նման անհեթեթություններ ասելու համար գոնե կարմիր գծեր պետք է լինեն:
- Փաշինյանը չի հասել իր երազանքին, չունի 2/3 մեծամասնություն:
- Ընդդիմադիր ուժերը, եթե Պառլամենտ գնում են իշխանափոխություն անելու համար, պետք է այդ մասին հստակ հայտարարեն: Ընդդիմությունը մանդատները վերցնելուն զուգահեռ՝ արդեն իսկ այսօր պետք է հայտարարի, որ գեներացնում են փողոցային պայքար, որովհետև առանց դրա Խորհրդարանում հնարավոր չի լինելու հասնել իշխանափոխության: Մանդատ վերցնելու պարագայում, եթե հասել ես հեղափոխական իրավիճակի, դու կարող ես Պառլամենտում լեգալ ճանապարհով մի վարչապետին փոխել մյուսով:
- Ամեն ինչը դեռ նոր է սկսվում: Նման տիպի ընտրություններ Հայաստանը չի ունեցել, երբ իրեն «դեմոկրատական» հռչակած ուժը գնացել է այնպիսի ընտրությունների, ուր ամեն ինչն է խախտվել: Փաշինյանն այլևս չունի այն մանդատը, որին ինքը հավակնում էր 2018-ից սկսած:
- Մենք ունենք ոչ լեգիտիմ ընտրություններ և ունենալու ենք ոչ լեգիտիմ Պառլամենտ: Եթե ընդդիմությունը մանդատները վերցնի, չպիտի խորշի ասել, որ ունենք ոչ լեգիտիմ Խորհրդարան ու ոչ լեգիտիմ Կառավարություն, իսկ ընդդիմության ձայները լեգիտիմ են, որովհետև իրենք ստացել են իրենց տրված ձայները՝ ի տարբերություն ՔՊ-ի, որն իր ձայները ստացել է կեղծիքների միջոցով:
- Ընդդիմությո՛ւն, դուք չպետք է գնաք ու մերվեք պառլամենտական աշխատանքին: Ձեր միակ խնդիրն իշխանափոխությունն է: Դուք ամեն ինչ պետք է անեք, որ սինխրոնացնեք փողոցային պայքարն ու Պառլամենտի մանդատները՝ իշխանափոխության հասնելու համար: Այլ բան ձեզ չպետք է հետաքրքրի Պառլամենտում:
- Սահմանադրական դատարանում ընդդիմության նպատակը պետք է լինի բացեիբաց մարդկանց ցույց տալը, թե ինչ աստիճանի այլանդակ կեղծիքներ են եղել:
- Եթե ԿԸՀ-ի երեկվա հրապարակած թվերը լինեն վերջնական և եթե վերաբերում են բոլոր այն ընտրատեղամասերին, որոնք ՀՀ-ում կան, ներառյալ՝ այն 3 ընտրատեղամասերը, որոնց արդյունքները չեղարկվել են, ապա այդ պարագայում ԲՀԿ-ն հաղթահարում է 4%-ի արգելքը ու պիտի մտնի Պառլամենտ:
- Չի կարող լինել այնպես, որ չեղարկված 3 տեղամասերում միայն ԲՀԿ-ի թվերը պակասեն. եթե չեղարկել են ընտրությունների արդյունքները, ուրեմն պետք է համարել, որ այդ 3 տեղամասերն ընդհանրապես չկան: Այդ դեպքում ԲՀԿ-ն անցնում է Խորհրդարան: Չի կարող լինել այնպես, որ մյուսների ձայները հաշվարկվեն, իսկ ԲՀԿ-ինը զրոյացվի: Դա կլինի Ընտրական օրենսգրքի տոտալ ոտնահարում: ԿԸՀ-ն վաղը կամ պետք է ասի, որ ընտրություններն ավարտված են ու մանդատները պետք է բաշխվեն, կամ պետք է ասեն, որ սրանք նախնական արդյունքներ են ու այդ 3 ընտրական տեղամասերում նշանակվի վերաքվեարկություն: Որևէ պարագայում վաղը ԿԸՀ-ն չի կարող ասել, որ ընտրություններն ավարտված են, ու ԲՀԿ-ն չի անցել Խորհրդարան: Այլ կերպ Ընտրական օրենսգիրքը հնարավոր չէ մեկնաբանել:

Ինչ վերաբերում է կլասիկ придурок Էդմոն Մարուքյանին, ապա մի քանի դրվագ ևս հիշեցնենք:
44-օրյա պատերազմից հետո, 2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան:
2022թ. ապրիլից սկսած, սկսեցին Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը: 2022թ. ապրիլի 20-ին «Պրեսսինգ» հաղորդաշարում նա կուրծք ծեծելով արդարացնում էր, թե ինչու պետք է Արցախի կարգավիճակի «նշաձողն իջեցնել»:
Հարցին՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը, որը ստիպում է Նիկոլ Փաշինյանին Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել՝ Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, Ֆրանսիա՞ն, Եվրոպա՞ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել էր.
«Ելույթում հստակ ասվում էր՝ միջազգային հանրությունը մեզ ասում էր՝ ձեր նշաձողը եթե իջեցնեք, կունենաք միջազգային աջակցություն, կոնսոլիդացիա ձեր շուրջ, ձեր խնդրի, եթե չիջեցնեք՝ կներեք, մենք ձեզ չենք կարող օգնել: Ո՞վ է այդ միջազգային հանրությունը՝ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, երկրորդ՝ Եվրոպական միության անդամ տարբեր պետություններ: Այսինքն, քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, հիմա եկել է մի իրավիճակ… Հիմա կամ մենք փորձում ենք ինչ-որ ձևի վերաիմաստավորել մեր բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է, խոսքը գնում է իրավունքներից դեպի կարգավիճակ, ոչ թե կարգավիճակից դեպի իրավունքներ, կամ շարունակում ենք այն, որ բաներ ենք ասել, որին մենակ մենք ենք հավատում»,- ասել էր Մարուքյանը:
2022թ. հոկտեմբերի 6-ին Էդմոն Մարուքյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:
2025թ. փետրվարի սկզբին «Պրեսսինգ» հաղորդաշարում քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններին ու դրանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դերակատարությանը, պատմել էր հետևյալը.
«Էդմոն Մարուքյանն իմ համաքաղաքացին է։ Վանաձորյան այդ ողջ թնջուկի մեջ, երբ սազանդարների միջոցով ասում էին՝ քաղաքապետը հողեր է օտարել, ի՜նչ քաղաքական գործընթաց, որևէ մեկը չի ասում, որ ինձ ճաղերի հետևում պահելով՝ ճաղերի հետևում են պահել նաև Վանաձորի կառավարումը։ Որևէ մեկը չի ասում, որ այդ գործընթացի արդյունքում տապալվել է Վանաձորի կառավարումը: Ու դա արել են Էդմոն Մարուքյանի թեթև ձեռքով»,- պատմել է Մ. Ասլանյանը:
Վանաձորի ընտրված համայնքապետը հիշեցրել էր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իր կալանավորումից 2 օր առաջ էր հանդիպել Էդմոն Մարուքյանին.
«Իրենք ընտրությունների արդյունքում ոչ մի մանդատ չէին ստացել։ Ուզում էին բողոքարկել։ 9 տեղամաս բացեցին, տեսան՝ հաշվարկի ընթացքում իմ ձայներն ավելանում են, իրենցը՝ պակասում, հետո որոշեցին դիմել դատարան։ Ինձ հետ կապ հաստատեցին, պայմանավորվեցինք, որ Էդմոնը չի դիմի դատարան, որովհետև անիմաստ է դատարան դիմելը, ես էլ աշխատանքի կտեղավորեմ իր առաջին համարին, երջանկահիշատակ մի տղայի, շատ կարգին մարդու։
Դրանից 2 օր հետո նորից ինձ հետ կոնտակտի է դուրս եկել Էդմոնը, հանդիպել ենք, ասել է՝ ինձ ստիպում են, որ ես դատարան դիմեմ, քեզ էլ կալանավորելու են, եթե իրենց հետ լեզու չգտնես։ Այդպես բաժանվել ենք, բնականաբար, լեզու գտնելու խնդիր չկար։ Ես իրենց ասել եմ՝ դուք պատերազմական ընտրարշավ եք տարել իմ դեմ, ի՞նչ համաձայնության մասին եք խոսում։ Ես համայնքային համագործակցությանը դեմ չեմ, բայց քաղաքական համաձայնություն չէր կարող լինել։ Այդ մարդկանց համար կարևոր չէին ընտրության արդյունքներն ու տրամաբանությունը։ Ես չեմ ապրում Էդմոնի պես, բայց հասկանում եմ իրեն։ Էդմոնին գրել տվեցին, ու Էդմոնի բողոքի հիման վրա 3 տարի Վանաձորի ավագանին նիստ չէր արել։ Չարացած չեմ, Էդմոնն ինձ համար բացահայտում չէր, այնպես չէր, որ ես իր մասին ավելի լավ կարծիք ունեի և դրանից անակնկալի եկա։ Հետո իմ տեղեկություններով՝ այդ ծառայության համար նրան տվեցին Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը»,- ներկայացրել էր Մամիկոն Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։


