Բաժանեց, որ տիրեն. իշխանությունը՝ ՔՊ-ին, Հայաստանը՝ շունշանգյալներին

«Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններում եղավ այն, ինչ եղավ» հարցն այսօր մոդայիկ չէ, քանի որ նախընտրական շրջանում բոլոր հարցերի պատասխաններն իմացողները հիմա զբաղված են «վերցնե՞լ պատգամավորական մանդատները, թե՞ չվերցնել» հարցն առաջադրելով ու դրա շուրջ մտավարժանքներով: Մինչև որոշողները կորոշեն, պատասխաններն էլ կհիմնավորվեն: Ինչպես վերցնելունը, այնպես էլ՝ չվերցնելունը: Պատվերի հարց է, ինչպես ասում են:

Այդուհանդերձ, տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը հասկանալը կարևոր է գոնե նրանց համար, ովքեր ընտրական օրվա շոկը հաղթահարելուց հետո, ոչ թե մեղավորներ են փորձում գտնել, այլ բացատրություններ: Դրանք, բնականաբար, շատ են, բազմաշերտ ու բազմագործոն: Բայց հասկացություններից գլխավորները, թերևս, համախմբումն ու հաշտությունն են՝ չկայացած համախմբումը՝ որպես պատճառ, և կայացած մեկ այլ հաշտություն՝ որպես հետևանք: Ընդ որում, ժամանակագրական առումով դա այսօրվա հարց չէ, այլ ձգվում է առնվազն մինչև 2018 թվական:

Այդ ժամանակ հասարակությունը կուրորեն համախմբվեց «Սերժին մերժելու» նպատակի շուրջ, ինչի արդյունքում Ադրբեջանն ընդունեց երեքհազարամյա Արցախը, Հայաստանից մնացած հատվածը՝ բռնի տեղահանված արցախահայերին: Բացասական, ոչ թե ուղղակի բացասական, այլ ողբերգական հետևանքների հանգեցրած այդ համախմբմանը հաջորդեց հասարակության պառակտումը, որը վերջին շրջանում հասցվեց ընդհուպ ներազգային թշնամանքի՝ ի դեմս արցախահայերի նկատմամբ գեներացվող ատելության:

Ահա այս գերպառակտվածությունը հանգեցրեց ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որը տեղի ունեցավ իրենց իսկ կողմից համախմբման դրական կամ բացասական ուղղությամբ կառավարման շնորհիվ:

Կարդացեք նաև

Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը հնարավոր էր միայն հանրային շատ լայն կոնսոլիդացիայի, դրա միջոցով հավաքական ցավի գիտակցման ու նոր իրողություններում պետությունը պահպանելու միջոցով: Բայց դա հակամետ էր իշխանության պահպանման նպատակին, դրա համար էլ անցած վեց տարիներին Նիկոլ Փաշինյանը համազգային կոնսոլիդացիայի «վահանակը» կարողացավ կառավարել այնպես ու այնքան, որ վերջին ընտրությունների արդյունքներով տեղի ունեցավ ոչ թե հաշտություն հասարակության ծայրահեղ բևեռների միջև, այլ հաշտություն հանրության՝ Փաշինյանին ընտրած հատվածի և ադրբեջանացման միջև: Խոսքն, ընդ որում, ինչ-որ թվով ադրբեջանցիների բնակեցման գաղափարի հետ հաշտության մասին չէ, այլ ավելի լայն իմաստով ադրբեջանացման՝ Հայաստանը որպես Ադրբեջանին ստորադաս պետություն դառնալու և արևմտյան փաթեթավորմամբ ադրբեջանաթուրքական նախագծում սատրապի կարգավիճակի շուրջ հաշտեցման մասին:

Իշխանության կողմից, գուցե ոչ միայն ներքնապես, այլ նաև արտաքին աջակցությամբ կառավարվող համախմբում/պառակտումը հանգեցրեց այսպիսի պատկերի, այդ թվում՝ նաև ընդդիմությունների տապալած համախմբման պատճառով: Արդյունքում 8 տարի առաջվանից սկսած համախմբման/պառակտման պարաբոլան հանգեցրեց հայկական պետականության բովանդակային կազմալուծման, հանրային գերպառակտվածության նոր մակարդակի և հասարակության մի մասի հաշտեցմանը ադրբեջանականացման հետ, ինչին արդեն թշնամաբար է վերաբերվում քաղաքացիների մյուս՝ իշխանության պսիխոզին չենթարկված հատվածը:

Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ իշխանությունը պահպանեց «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ սեփական հանրությանը բաժանելով անթույլատրելիորեն հակադիր խմբերի, սեփական երկրի շահերը՝ բոլոր նրանց, ովքեր իրականացնում են իրենց դարավոր երազանքը Հայաստանում նման իշխանության գոյության շնորհիվ: Արդյունքում՝ ինքը տիրելու է Հայաստանի իշխանությանը, մնացած բոլորը՝ Հայաստանին:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930