Թուրքիան ու ԵՄ-ը պայմանավորվել են բանակցային ևս մեկ գլուխ բացելու շուրջ. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ որոշվել է բանակցային նոր փուլ սկսել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև.

«Մենք կարողացանք պայմանավորվել ԵՄ-ի հետ տարվող բանակցությունների շրջանակներում հերթական տեխնիկական կետի դիտարկման շուրջ: Այդ որոշումը շատ կարևոր է բանակցությունների առաջ ընթանալու համատեքստում:

Խոսքը գնում է բանակցությունների շրջանակներում 22-րդ կետի («Տարածաշրջանային քաղաքականություն և կառուցվածքային գործիքների կոորդինացիա») մասին, որը կդիտարկվի մոտ ժամանակներս:

Թուրքիան մտադիր է հասնել նաև 23-րդ և 24-րդ կետերի դիտարկմանը: ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայհի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:

Նշվում է, որ վերջին երեք տարում ԵՄ-ն ու Թուրքիան չեն կարողացել պայմանավորվածության գալ 35 բանակցային գլուխներից որևէ նոր գլխի դիտարկումը սկսելու շուրջ: Ներկա դրությամբ Թուրքիան ավարտին է հասցրել այդ գլուխներից միայն մեկի շուրջ բանակցությունները (կատարել է դրանում նշված պահանջները):

Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը:

 

Տեսանյութեր

Լրահոս