Քվեաթերթիկների ընդամենը 15%-ն է ամփոփվել, բայց Փաշինյանը հայտարարում է միանձնյա հաղթանակի մասին
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին 2008 ընտրատեղամասից միայն 455–ի արդյունքներն էին հայտնի, այն էլ` նախնական։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,– ասաց Փաշինյանը։
Հարցին՝ ինչպե՞ս եք հաղթանակի մասին հայտարարություն անում, երբ ԿԸՀ–ն արդյունքները դեռ չի հրապարակել, Փաշինյանը պատասխանեց, թե իր թիմն ունի իր հաշվարկները։
«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները, և մեր սեփական հաշվարկներն ենք անում»,– շարունակեց նա։
Դիտարկմանը, որ նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր վերաբերմունքը չի փոխվում, և այդ ուժերի առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

