Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Հարավային Կորեան և Չինաստանը համաձայնության են եկել ընդլայնել երկու երկրների միջև շաբաթական ավիաչվերթների քանակը: Սա վերջին յոթ տարվա ընթացքում առաջին նման համաձայնությունն է։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 4-ին հայտնել է Սեուլի տրանսպորտի նախարարությունը՝ որակելով սա որպես ասիական երկու հարևան երկրների հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան։

Համաձայնագիրը ձեռք է բերվել մայիսի 27-28-ը Սեուլում անցկացված երկկողմ ավիացիոն բանակցությունների ընթացքում։ Դրա համաձայն՝ ուղևորափոխադրումների համար նախատեսված շաբաթական թռիչքների իրավունքը կավելանա 56-ով՝ 608-ից հասնելով 664-ի, իսկ բեռնափոխադրումների համար նախատեսված շաբաթական իրավունքները՝ 14-ով՝ 54-ից հասնելով 68-ի։

Փաստաթուղթը նաև կընդլայնի Հարավային Կորեայի տարածաշրջանային օդանավակայաններից, այդ թվում՝ Բուսանից և Չոնջուից, դեպի Չինաստանի 10 քաղաք իրականացվող չվերթների հնարավորությունները։ Այդ քաղաքների թվում են Գուանչժոուն, Չենդուն, Շենժենը, Չունցինը և Սիանը։

2026 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի և Չինաստանի միջև ուղևորահոսքը կազմել է շուրջ 4,39 միլիոն մարդ՝ գերազանցելով համավարակից առաջ գրանցված 4,14 միլիոն ցուցանիշը։

«Ակնկալում ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի չինացի զբոսաշրջիկների այցելությունների աճին Հարավային Կորեա, կբարելավի Չինաստան մեկնող մեր քաղաքացիների և ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերությունների հնարավորությունները, ինչպես նաև կօգնի աշխուժացնել տնտեսությունը՝ խթանելով կորեական ավիաընկերությունների ներկայության ընդլայնումը չինական շուկայում», – ասել է նախարարության ավիացիոն քաղաքականության վարչության ղեկավար Լի Սո Յոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930