Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի արդարացման վճիռն անփոփոխ է մնացել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նշել է, որ դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։
«Քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենա ավագանու որոշմամբ հանձնել էին Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,– հիշեցրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ արդարացման վերդիկտ կայացվել էր հունվարի 16-ին։ Դատաքննությունը շուրջ 1 տարի էր տևել, իսկ նման վճիռ կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։



