Պակիստանի արտգործնախարարը Կալասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Պակիստանի արտգործնախարար Իսհաք Դարը հայտնել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն առնչվող հարցեր, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցը։
«Մենք նաև մտքերի փոխանակում անցկացրինք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության, անվտանգության իրադրության վերաբերյալ Հարավային Ասիայում, Աֆղանստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա ԵՄ-ի և Պակիստանի ռազմավարական երկխոսության 8-րդ փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Դարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման հարցում Պակիստանի միջնորդական ջանքերին աջակցության համար և վերահաստատել է Իսլամաբադի մտադրությունը շարունակել աշխատանքն իրադրության համապարփակ և երկարատև լուծում գտնելու ուղղությամբ։
Պակիստանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերը նաև քննարկել են փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Նա նշել է, որ ԵՄ-ն Իսլամական Հանրապետության հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է, որի հետ առևտրի ծավալը հասել է 12 միլիարդ դոլարի։ Դարը նշել է, որ Իսլամաբադը և Բրյուսելը տրամադրված են փոխգործակցության ներկայիս մակարդակը վերափոխելու «համապարփակ և փոխշահավետ գործընկերության»:



