«Համաս»-ը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հարցով հանդիպմանը. AFP
Արմատական «Համաս» շարժման պատվիրակությունը հունիսի 3-ին Եգիպտոսում կհանդիպի միջնորդների հետ՝ քննարկելու Գազայի փխրուն հրադադարի առաջխաղացման ուղիները։ Այս մասին հայտնել են պաղեստինյան իսլամիստական շարժման պաշտոնյաները AFP լրատվական գործակալությանը։
«Եգիպտոսը հրավիրել է «Համաս»-ին մասնակցելու միջնորդների հետ չորեքշաբթի օրվա բանակցություններին… Դրանցում ներգրավված կլինեն նաև կատարցի և թուրք պաշտոնյաներ», – ասել է «Համաս»-ի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ։
«Միջնորդները ներկայացրել են գաղափարներ՝ նոր, վերանայված առաջարկ մշակելու համար, որը ընդունելի կլինի և՛ «Համաս»-ի, և՛ Իսրայելի համար», – հավելել է պաշտոնյան։
«Համաս»-ը և Իսրայելի զինվորականները միմյանց մեղադրել են հոկտեմբերից ուժի մեջ մտած հրադադարը խախտելու մեջ։
Հրադադարի երկրորդ փուլին անցումը, որի ընթացքում «Համաս»-ը պետք է զինաթափվեր, իսկ իսրայելական բանակն աստիճանական դուրս բերվեր, ամիսներ շարունակ կանգ է առել։
Պաշտոնյան ասել է, որ «Համաս»-ի պատվիրակությունը՝ գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյայի գլխավորությամբ, ինչպես նաև այլ պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ, կժամանեն Կահիրե հունիսի 2-ից սկսած՝ Միջերկրածովյան Էլ-Ալամեյն քաղաքում կայանալիք բանակցությունների համար։



