Հայաստանից միայն 2 ձեռնարկություն կարող է ձուկ ներմուծել Ռուսաստան. Ռոսսելխոզնադզոր
Հայաստանը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
Նշվում է, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել է ձկների վերամշակման ձեռարկությունները Հայաստանում, ինչպես նաև իշխանի ֆերմաներ այցելել։ Գերատեսչությունը հայտնել է, որ ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից։
«Ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը», – հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
Թույլտվություն ստացած երկու գործարանների ձկան արտադրանքը կներմուծվի Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիտորինգի ենթարկվելու պայմանով։
Ավելի վաղ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ Ռոսսելխոզնադզորը վերացրել է սահմանափակումները Հայաստանի չորս ձկնաբուծարաններից երկուսի նկատմամբ:
Նախնական արդյունքների համաձայն՝ արտահանման թույլտվություն են ստացել դրանցից երկուսը՝ «ՄԳ Էքսպորտ»-ը և «Ինվեստ Պլյուս»-ը։



