«Ինտերը» սպասում է Հենրիխ Մխիթարյանի որոշմանը․ Ֆաբրիցիո Ռոմանո
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ինտերում» շարունակում է անորոշ մնալ։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ Իտալիայի նորընծա չեմպիոնը սպասում է 37-ամյա կիսապաշտպանի որոշմանը։ «Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին, սակայն հայ ֆուտբոլիստը դեռ չի որոշել՝ շարունակելու է խաղալ, թե ավարտելու է կարիերան։
Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից ու գոլի հեղինակ դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը DAZN ալիքի եթերում նշել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։
«Ես հրաշալի կարիերա եմ ունեցել։ Ուրախ եմ, որ «Ինտերում» եմ և այս ֆուտբոլիստների թիմակիցն եմ, քանի որ նրանք վերջին տարիներին երկարացրին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո որոշում կընդունեմ»,- ասել է Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։



