Փաշինյանի հայտարարությունները պարտության պատասխանատվության ապաքաղաքականացումն է.Արմեն Հովսեփյան
ՀՀԿ Խորհրդի անդամ Արմեն Հովսեփյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը, և բաց տեքստով, առանց որևէ բանից վախենալու, հակահայկական նարատիվ է տարածում, որոնք ոչ մի աղերս չունեն Հայաստանի ապագայի հետ։ Մասնավորապես երեկ Սյունիքում նա հայտարարել է, թե «էդ ե՞րբ է Ղարաբաղը հայկական եղել, բա որ հայկական է եղել, ինչի՞ այնտեղ դպրոց ու մանկապարտեզ չեն կառուցել, գործարան չեն կառուցել, տուն չեն կառուցել»։ Հետո ավելի է թանձնացնում թեզը՝ պնդելով․ «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա»։
Համաձայնեք՝ Փաշինյանը նման բառամթերք ու բացառապես թյուրքական տեքստեր երբեք էլ չէր հանդգնի տիրաժավորել, եթե կասկած անգամ ունենար, որ հանրության կողմից այն կընդունվեր սվիններով։ Ավելին, նա գեբելսյան ագրեսիայով ու պաթոսով կոկորդ չէր պատռի, եթե վստահ լիներ, որ իրեն այդ մտքերի համար մարդիկ կգանահարեն ու կոշտ կքննադատեն, սակայն նա համոզմունք ունի, որ իր այս պնդումներն ամբղջությամբ «ուտվում» են մարդկանց կողմից, նրանց որոշակի խմբի համար հաճելի է լսել նմանօրինակ մտքեր, որոնք բոլորը հոգու խորքում միշտ մտածել են, բայց վախեցել են բարձրաձայնել։
Փաստացի Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է, քան պարզապես հերթական սկանդալային արտահայտությունը։ Խոսքը ամբողջական գաղափարական վերաձևակերպման փորձի մասին է, որտեղ իշխանությունը սեփական քաղաքական գոյատևումը կապում է ազգային հիշողության վերափոխման հետ։ Ըստ էության, նա փորձում է իրականացնել մի քանի զուգահեռ օրակարգ։
Նախ պարտության պատասխանատվության ապաքաղաքականացումն է, քանի որ եթե Արցախը ներկայացվում է որպես «երբեք հայկական չեղած» տարածք, ապա ինքնաբեաբար նվազում է նաև դրա կորստի քաղաքական ծանրությունը։ Սա հոգեբանական և քարոզչական մանիպուլյացիայի դասական մեխանիզմ է․ սկզբում արժեզրկվում է կորցրածը, հետո հասարակությանը համոզում են, որ կորուստ իրականում չի եղել։
Երկրորդը՝ ազգային օրակարգի փոխարինումն է «նոր իրականության» (նոու հաու) գաղափարով։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մեջ հետևողականորեն ձևավորվում է թեզ, ըստ որի հայկական պետականությունը պետք է հրաժարվի իր պատմական, ազգային և քաղաքակրթական հղումներից և վերածվի բացառապես փոքր տարածքի վարչական կառույցի։ «Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա» արտահայտությունն իրականում հենց այդ գաղափարի կոնցենտրացված ձևակերպումն է։ Այստեղ ենթադրվում է, որ նախորդ ամբողջ ազգային-պետական մտածողությունը եղել է «կեղծ», իսկ այժմ առաջարկվում է նոր ինքնություն՝ զուրկ պատմական հավակնություններից, ազգային հիշողությունից և հավաքական նպատակներից։
Այս գործիքը տարբեր ժամանակներում կիրառվել են պարտված կամ արտաքին ճնշման տակ հայտնված պետություններում։ Պատմական հիշողությունը ներկայացվում է որպես «վտանգավոր բեռ», ազգային պահանջատիրությունը՝ որպես «խաղաղությանը խանգարող երևույթ», իսկ ինքնապաշտպանական քաղաքականությունը՝ որպես «նախկին սխալների արդյունք»։
Մյուս կարևոր դրվագն այն է, որ Փաշինյանը հասկանում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների, անվտանգության ճգնաժամի և արտաքին քաղաքական ձախողումների պայմաններում երկարաժամկետ իշխանություն պահելը հնարավոր չէ միայն վարչական ռեսուրսով։ Այդ պատճառով ստեղծվում է նոր քաղաքական բաժանարար գիծ՝ ոչ թե «արդյունավետ իշխանություն ընդդեմ վատ իշխանության», այլ «նոր իրականություն ընդունողներ ընդդեմ անցյալով ապրողների»։ Այսինքն՝ հասարակությանը փորձում են բաժանել երկու ճամբարի․ մեկ կողմում՝ «պրագմատիկներ», որոնք համաձայն են հրաժարվել ազգային օրակարգից, մյուս կողմում՝ «ռևանշիստներ», «անցյալով ապրողներ» կամ «պատերազմ ուզողներ»։
Կարճ ասած՝ այն, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ապացուցել արտաքին աշխարհին, այժմ հնչում է Հայաստանի ղեկավարի շուրթերից։



