Վանաձորի քաղաքապետարանն ավագանուն հաստատել տվեց համայնքի բյուջեից Շախմատի ֆեդերացիային 1 մլնի հատկացումը
Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստի 19 օրակարգային հարցից 4-ը դարձյալ վերաբերում էր դեռևս նոյեմբերին հաստատված բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն: Ստացվում է` Վանաձորի ավագանին մեկ անգամ բյուջեն հաստատելով` հաջորդ նիստերում զբաղվում է այն լրացնելով: Ավագանու հաստատմանը ներկայացված նախագծերից 2-ը` կազմված քաղաքապետարանի բաժնի պետերի զեկուցագրերի հիման վրա, ֆինանսական ծրագրեր էին, որոնք նոր ֆինանսական հատկացումներ են նախատեսում համայնքի բյուջեից: Նախատեսվում է փողոցների ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքների համար հատկացնել 60 մլն դրամ, որից 55 մլնը ընթացիկ նորոգումների համար` վարչական բյուջեից, 5 մլնը հիմնանորոգումների համար` ֆոնդային բյուջեից: Նախատեսվում է նաև համայնքային մի շարք ծրագրերի իրականացման համար ներդրում կատարել 28,2 մլն դրամի չափով: 2 նախագծերն էլ ավագանին հաստատեց:
ՀՀ շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի գրության հիման վրա նորից քննարկման դրվեց Ֆեդերացիային 1 մլն դրամով աջակցելու հարցը, որը նախորդ նիստերից մեկում արդեն մերժվել էր ավագանու կողմից: «Ինչպիսի± աջակցություն է, բացեիք»,- պարզաբանում խնդրեց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը: «Գումարային տեսքով»,- պատասխանեց քաղաքապետը: «Հենց էդպես պետք է փոխանցվի,- ավելացրեց քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Արթուր Սուքիասյանը,- Սա իրանք են ծախսելու, մենք ինչը բացենք: Մեր համար դա աջակցության ծրագիր ա պարզապես»: «Նախորդ անգամ սխալ էր արված, ինչ-որ մեկի անձնական հաշվին էր փոխանցվում, հիմա Ֆեդերացիայի, ոչ թե ինչ-որ մեկի»,- շարունակեց քաղաքապետը (նախորդ անգամ, Ֆեդերացիան, ֆինանսական աջակցության խնդրանքով դիմելով, մասնավոր բանկային հաշիվ էր ներկայացրել, ինչը չվրիպեց ավագանու անդամների ուրշադրությունից):
Ավագանու անդամների` «ծրագիրը մեզ ինչ օգուտ կտա հարցին» պատասխանեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը. «Մեր քաղաքը մեծ օգուտներ է ստացել, առաջինը` վանաձորցուն է տրվել գրոսմայստերի կոչումը, 4 ազգային վարպետներ ունենք, բոլոր տարիքի շախմատիստները բազմաթիվ մրցումների, մրցաշարերի են մասնակցում հանրապետությունում, հանրապետությունից դուրս, սկսած 5-6 տարեկանից մինչև 20 տարեկան մեր շախմատիստները, և էս գումարը Շախմատի ֆեդերացիայի արած աշխատանքների ու ծախսերի համեմատ շատ քիչ գումար է, և առանց սրա էլ մեր քաղաքը բավականին օգուտ ստացել է, սրանով համոզված եմ, որ առավել ևս կստանա»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:
«Ավելի լավ չի խրախուսենք մեր էրեխեքին, քան Ֆեդերացիայինն»,- նկատեց ավագանու անդամ Գևորգ Շահինյանը: «Էդպես հուսա±նք, որ էս ծրագիրը մեծ օգուտներ կտա մեր քաղաքին, հա±»,- հարց ուղղեց ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանը: «Առաջին անգամ մեր բյուջեից փոխանցում ենք»,- պնդեց աշխատակազմի քարտուղարը: «Հետո միակ ոլորտն ա, որ մեր պետությունը գերտերություն ա համարվում աշխարհում, ուրիշ ոլորտում մենք էդպիսի բան չունենք, առաջընթաց, դրա համար արժե էլի աջակցել»,- նրան միացավ քաղաքապետարանի մյուս պաշտոնյան` ֆինբաժնի պետը: Ավագանու անդամներից միայն 2-ը դեմ քվեարկեցին նախագծին, և, ի վերջո, համայնքի բյուջեից 1 մլն դրամը հատկացվեց Շախմատի ֆեդերացիային: