Մարգարիտ Եսայան. Մի մոռացեք ադրբեջանական կողմի սաֆարովյան խայտառակ քաղաքականությունը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների համատեղ ընդունած հայտարարությանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդն ընդունել են համատեղ հայտարարություն, որում ասվում է.
«Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում՝ կապված այն բանի հետ, որ բանակցային գործընթացում կողմերը, փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա հիմնված (ԼՂ հակամարտության) լուծումը գտնելու փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի օգուտ ստանալուն: Մենք վստահ ենք, որ անընդունելի է դեպի համապարփակ խաղաղ կարգավորում տանող հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության հետագա ձգձգումը, և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում թարմ էներգիայով կենտրոնանալ հարցերի լուծման վրա, որոնք դեռ բաց են մնում»:
Իհարկե, անժխտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում և այս խումբն այլընտրանք չի կարող ունենալ: Մյուս կողմից՝ այս հայտարարությունն ինձ հիշեցրեց տարիներ առաջ նույն այս խմբի կողմից արված մեկ այլ հայտարարություն, որը մոտավորապես նույն տրամաբանությամբ էր կառուցված և, որով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին նույն հորդորն էր ուղղված: Այդ ժամանակ ես լրագրող էի և լուսաբանում էի տվյալ ասուլիսը, որի ժամանակ հնչեց նշածս հայտարարությունը:
Ես, իհարկե, չէի կարող հարց չուղղել հարգարժան համանախագահողներին և իմ հերթին չհորդորել իրենց՝ թացը չորի հետ չխառնել և Հայաստանի, և Ադրբեջանի նախագահներին, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը, պահվածքը և մոտեցումները չնույնացնել, քանի որ մեր հարևանը իր ռազմատենչ հայտարարություններով, հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով և այլն, վաղուց է բացահայտել իր դեմքը և ավելորդ անգամ ցուցանել իր ով լինելը:
Այն ժամանակ պարոնայք Ֆասիեն և Բրայզան խիստ նեղվեցին իմ հարցերից և մենք «մի փոքր» լեզվակռիվ ունեցանք:
Հիմա, ստիպված եմ նորից նույն խնդրանքով դիմել հարգելի համանախագահողներին՝ պարոնայք, դուք բոլորից լավ գիտեք, որ Ղարաբաղի հարցում Հայաստանի և ԼՂՀ դիրքորոշումը և պահվածքն անխոցելի են և այս երկու պետությունները միակն են, որ առաջնորդվում են միջազգային նորմերին համարժեք (անցած տարվա նոյեմբերին Փարիզում մի հանդիպման ժամանակ արդեն նախկին համանախագահող պարոն Ֆասիեն անկեղծորեն որոշ բաներ խոստովանեց), ուրեմն, երկու կողմերին հավասար հորդորներ շռայլելու փոխարեն լավ կլինի վերջապես սկսեք իրերը կոչել իրենց իսկական անուններով, Ադրբեջանին ցույց տակով իր իսկական տեղը:
Ձեր հայտարարության մեջ, ցավոք, ոչ մի խոսք չկա Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ փաստի մասին: Մինչդեռ, միթե պարզ չէ, որ Ադրբեջանի այս քայլով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, հրապարակով բացահայտվել է այդ երկրի արժեհամակարգը եւ ոչ մեկն այլեւս չի կասկածում, որ հիմա առավել քան երբեւէ, խոսք լինել չի կարող Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու մասին, քանի որ այս երկիրը բացահայտ հակահայ քաղաքականություն է վարում: Պարոնայք համանախագահողներ՝ ինչու եւ ինչ շահ հետապնդելով եք մոռանում ադրբեջանական կողմի սաֆարովյան խոսուն քաղաքականությունը:
Ունե/ք այս հարցիս պատասխանը:
Եթե իսկապես ձեզ համար ստատուս քվոյի պահպանությունը դարձել է այլեւս աննպակահարմար, եթե գտնում եք, որ այս վիճակը այլեւս չպիտի շարունակվի եւ Մինսի խումբի գլխավոր նպատակը պիտի լինի ոչ թե տարածաշրջանում խաղաղության պահպանումը, այլ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ապա պիտի դրա համար ստեղծվեն պայմաններ, առաջին՝ ԼՂՀ-ն պիտի վերադառնան բանակցային սեղանի շուրջ, երկրորդ՝ պարիտետային մոտեցումը հակամարտության կողմերին պիտի դրվի մի կողմ եւ այս ընթացքում եղած զարգացումները գնահատվեն համարժեք, երրորդ՝ Մինսկի խումբը պիտի վերջապես իր մեջ ուժ գտնի եւ գնահատական տա Բաքվի գերզինման քաղաքականությանը:
Եվ, վերջում՝ հարգելի համանախագահող երկրներ՝ եթե իրոք ուզում եք հակամարտության լուծում,ապա, բարի եղեք բոլոր կողմերի համար ապահովել տնտեսական զարգացման հավասար հնարավորություններ՝ պահանջեք վերացնել Հայաստանի շրջափակումը»: