Տիմոշենկոյին կարող են աշնանն ուղարկել Գերմանիա. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարող է բանտից ազատ արձակվել այս աշնանը և թույլտվություն ստանալ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու համար:
Տիմոշենկոն բանտում է հայտնվել Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս իր ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: Թերթի պնդմամբ՝ ներկայումս համապատասխան բանակցություններ են անցկացվում Ուկրաինայի իշխանությունների ու եվրոպական միջնորդների միջև:
Տիմոշենկոյին Գերմանիա ուղարկելու հնարավորության մասին հայտարարել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը: Բրիտանական թերթի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ նախկինում Տիմոշենկոն չի ցանկացել բուժման համար լքել Ուկրաինան, քանի որ վախենում էր կորցնել ընտրողների աջակցությունը, իսկ այժմ, ամենայն հավանականությամբ, փոխել է իր կարծիքը: