Պետության նահանջը պատասխանատվությունից

Հանքարդյունաբերության ու մետալուրգիայի զարգացում. Սա փաստում են ադրբեջանական մամուլում վերջին շաբաթներին հայտնված հրապարակումները: Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2027-2030 թվականների ընթացքում Ադրբեջանում հանքարդյունաբերության և մետալուրգիայի արդյունաբերության զարգացումն ապահովելու մի շարք միջոցառումների մասին: Ընդ որում, այս ամենի մի մասն Արցախի տարածքում՝ Քաշաթաղում, Շահումյանում:

Ալիևն այս ոլորտի զարգացմանը ռազմավարական նշանակություն է տվել, որը կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արդյունաբերականացման խորացմանը: Բաքուն հանքարդյունաբերությունը դիտարկում է որպես երկրի անվտանգային բաղադրիչ։ Նրանք գիտակցում են, որ առանց հզոր արդյունաբերական հիմքի, ինքնիշխանությունը դեկլարատիվ բնույթ է կրում:

Երկար տարիներ Արցախում հանքերի օգտագործմանը դեմ արտահայտվող երկու կողմ կար՝ Ադրբեջանի իշխանությունը և հայ բնապահպանները (հիմնականում՝ գրանտակերները): Իսկ այսօր, երբ Արցախն արդեն Բաքվի տիրապետության տակ է, այդ նույն բնապահպանները լուռ են, իսկ Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է այդ տարածքներում հեռանկարային հանքավայրերի շահագործման, մետալուրգիայի արդյունաբերության ընդլայնման, արտահանման նոր հնարավորությունների մասին:

Փաստացի ստացվում է, որ մենք ռազմավարական մետաղները հողում թողեցինք բնությունը պահպանելու կամ էլ հաջորդ սերնդին փոխանցելու համար, իսկ բնական պաշարի օգուտը կքաղի Իլհամ Ալիևը:

Կարդացեք նաև

Ի՞նչ են անում Հայաստանում, երբ որևէ նոր հանք են ուզում բացել. հրավիրվում է հանրային լսում, որին մասնակցում են ոչ թե նեղ մասնագետներ, այլ բնակիչներ, որոնք օբյեկտիվորեն ոլորտային մանրամասների չեն տիրապետում. հանքարդյունաբերությունը բարդ գիտական ոլորտ է, որտեղ տարիների ուսում, հմտություն և փորձառություն է անհրաժեշտ ճիշտ կողմնորոշվելու համար:

Դե, իհարկե, պետք չէ մոռանալ, որ տարիներ շարունակ բնակիչներին վախեցրել և թյուր կարծիք են սերմանել, որ հանքարդյունաբերությունն աղետ է, թունավորում է ամեն ինչ ու ամենքին: Այսքանից հետո դժվար թե բնակիչները կողմ արտահայտվեն որևէ հանրային լսման ժամանակ:

Ի դեպ, Երևանում օդն ավելի աղտոտված և վնասակար է, քան այն մարզերում, որտեղ հանքարդյունաբերություն է իրականացվում:

Երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանում նավթի նոր հանքավայրի շահագործման համար հանրային լսում հրավիրվի և բնակիչների դեմ լինելու պատճառով արդյունահանում չիրականացվի. նման հրապարակում ադրբեջանական մամուլում չկա: Իսկ Հայաստանում նոր հանքի շահագործման կամ գործողի ընդլայնման գրեթե բոլոր հանրային լսումներն ուղեկցվում են կռիվներով, հայհոյանքներով և հիմնականում տապալվում են. հրապարակումները բազմաթիվ են:

Եվ երբ պետությունը նման իրավիճակներում լռում է կամ «դիտորդի» կարգավիճակով կանգնում է մի կողմում, նա փաստացի ասում է ներդրողին ու քաղաքացուն՝ ինքներդ որոշեք, իսկ սա պետականության ուղղակի նահանջ է։ Եթե պետությունը համարում է, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է երկրի տնտեսությանը, ապա պետք է նաև ապահովի դրա անվտանգ ընթացքը և պաշտպանի ներդրողին։ Երրորդ տարբերակը՝ թողնել որոշումը հուզական դաշտում, տանում է դեպի տնտեսական ինքնասպանության։ Իսկ այլ երկրների շահերը սպասարկող գրանտակեր «էկոակծիվիստները» կամ արտագաղթում են՝ արևմտյան որևէ երկրում ուրախ-զվարթ ապրում, կամ լռում են, կամ այլ թեմաների վրա են շարունակում դրամաշնորհներով աղմուկ բարձրացնել… Կապ ունի՝ ինչ նոր պատվեր է իջնում դրամաշնորհ տվողների կողմից:

Ամուլսարի պատմությունը նորագույն պատմության ամենամեծ տնտեսական ձախողումներից է։ Տարիներ շարունակ օդում կախված միլիարդավոր դոլարների ներդրումներ, չստեղծված հազարավոր աշխատատեղեր և պետական բյուջե չմտած հարյուր-միլիոնավոր դոլարներ։ Սա է այն գինը, որ մենք վճարում ենք պետական կամքի բացակայության համար։

Ինչո՞ւ է Ադրբեջանում նավթի կամ մետաղական հանքերի շահագործման որոշումը կայացնում պետությունը, իսկ մեր երկրում այդ որոշման կայացումը թողնված է բնակիչների վրա: Արդյո՞ք կարելի է մտածել, որ պետությունը խուսափում է պատասխանատվությունից՝ այն բարդելով իր քաղաքացու վրա: Ընդ որում, երբ հարցը վերաբերում է ճանապարհների, բնակելի շենքերի կամ որևէ այլ օբյեկտի կառուցմանը, որոշումը կայացնում է պետությունը, անտեսելով բնակիչների կարծիքները, անհանգստություններն ու բողոքները, իսկ երբ հերթը հասնում է ընդերքի օգտագործմանը, որոշումը կայացնում է հարակից գյուղի ֆերմերը: Իսկ արդյո՞ք, օրինակ, գյուղատնտեսը ճիշտ որոշում կկայացնի, արդյո՞ք այդ որոշումը բացասաբար չի ազդի տնտեսության վրա, արդյո՞ք երկիրը չի կորցնի շուկայում կարևոր խաղացողի դերը, արդյո՞ք ոլորտը դուրս չի մնա համաշխարհային մրցակցությունից:

Մինչ մենք ամիսներով լսումներ ենք կազմակերպում և դեմ արտահայտվում հանքերին, Բաքուն առաջիկայում կամրապնդի իր դիրքերը ոսկու, պղնձի և կարևոր այլ մետաղների շուկաներում: Եվ հատկանշական է, որ նավթագազային պաշարները հայտնաբերելուց հետո Բաքուն հիմա շեշտը դրել է մետաղական հանքերի հայտնաբերման կամ զարգացման-ընդլայնման վրա: Պատահական չէ, որ Ալիևը, գիտակցելով ոլորտի ռազմավարական նշանակությունը, բառացի նշել էր՝ պղինձը նոր դարի նավթն է:

Օրեր առաջ ևս մեկ հրապարակում հայտնվեց ադրբեջանական մամուլում՝ բրիտանական Anglo Asian Mining (AAM) հանքարդյունաբերական ընկերությունը շարունակում է աշխատել երկու նոր հանքավայրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վրա և առաջիկա շաբաթներին նախատեսում է ներգրավել խորհրդատուների:

AAM-ը նախատեսում է մինչև 2030 թվականը պղինձը դարձնել իր հիմնական արտադրանքը և հասնել տարեկան 50,000-55,000 տոննա արտադրության ծավալի: 2027-2030 թվականներին այս ընկերության կողմից շահագործման կհանձնվի երեք նոր հանքավայր: 2025-ից նույն ընկերությունն արդեն իսկ արդյունահանում է իրականացնում Արցախի հանքերից:

Մենք պետք է հասկանանք՝ հանքարդյունաբերությունը միայն հողից հանածո կորզելը չէ։ Դա բարձր տեխնոլոգիաներ են, դա մետալուրգիա է, դա հզոր արդյունաբերական շղթա է, որը սնում է բանակը, գիտությունը, կրթությունը։

Եթե մենք շարունակենք թողնել ռազմավարական որոշումների բեռը քաղաքացու վրա, ապա շուտով կհայտնվենք մի իրավիճակում, երբ մեր տնտեսությունը կլինի «էկոլոգիապես մաքուր», բայց դատարկ և անպաշտպան մի տարածաշրջանում, որտեղ հարևանները վաղուց իրենց ընդերքը վերածել են զենքի և քաղաքական գործոնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930