«Գետն է վարարել, բնությունն է, որքան կարողացել՝ մաքրել ենք, հիմա ի՞նչ անենք, որ այս տարի տեղումները շատ են». Մայակովսկիի վարչական ղեկավար

Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում մի խումբ բնակիչներ բողոքում են, որ գյուղում հեղեղատարը մաքրված չէ, որի հետևանքով անձրևներից հետո գետը վարարում է, ջուրը լցվում է իրենց հողամասեր ու հասցնում մեծ վնաս։

«Մենք պահանջում ենք, որպեսզի այս սելավատարի հարցը լուծվի, մաքրությունն ապահովեն, բացակա պանելները լրացնեն և խոզի ֆերմաների «կանալիզացիան» կտրեն գետի միջից, որն էլ հիմք է հանդիսանում գետի աղտոտմանը։ Եթե այս հարցը լուծեն, գետը մաքրեն, ապա գետը վարարելու ժամանակ այդքան չի բարձրանա ու խնդիրներ չի առաջացնի»,- 168.am հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սերյոժա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ջուրը լցվել է մարդկանց բակերը, կան բնակիչներ, որոնք ծաղկեգործությամբ են զբաղվում, ջուրը նրանց մեծ վնաս է հասցրել, ամբողջ ծաղիկները մնացել են ջրի տակ։

«Խոզի ֆերմաները գյուղից դուրս է, բայց ինչ ունեն՝ լցվում է գետը, երբ գետը վարարում է, ջուրն այդ ամենը բարձրացնում ու բերում է գյուղ։

Կարդացեք նաև

Հեղեղատարի խնդրին ամեն տարի բախվում ենք, ամեն տարի տրակտոր են բերում, այնքան, որ ջրի հետ խաղում են, ցույց են տալիս, թե գործ արեցին, հարցը լուծեցին ու գնացին։

Ինքս ինչ հիշում եմ, խնդիրը կա ու լուծում չեն տվել։ Առավոտից երեկո մարդիկ միշտ հավաքվում են, իրենց բողոքը ներկայացնում։

Ակնկալում ենք, որ այս խնդիրը տարբեր կողմերից լուսաբանվի, որպեսզի պատկան մարմինները գոնե մի քիչ ազդվեն, այս հարցին լուծում տան»,- նշեց մեր զրուցակիցը։

168.am նաև կապ հաստատեց Մայակովսկի գյուղի վարչական ղեկավար Վահագն Բարսեղյանի հետ, հասկանալու, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել հեղեղատարի հարցը։

«Գետն է վարարել, բնությունն է, հիմա մենք աշխատանքներ ենք տանում, որ խնդիրը լուծենք, այս տարի անձրևները շատ են, դրա հետևանք է։ Հիմա պետք է պանելները բերենք դնենք, ջուրը դուրս չի գա, երևի Սևաբերդի ջրերն էլ են գալիս-լցվում այստեղ։ Հիմա ամեն ինչ հանդարտվել է, իսկ մենք էլ ինչ հնարավորություն ունենք՝ անում ենք։

Անձրևաջրերը ոչ մեկի տուն չեն լցվել, գյուղատնտեսական նշանակության հողեր են լցվել, բայց այնպես չէ, որ մեծ վնաս են հասցրել»,- շեշտեց Վահագն Բարսեղյանը։

Ըստ նրա, այս պահին պանելների հարցն են լուծում, դրանք դնելուց հետո ջուրը ճանապարհ դուրս չի գալու։

«Որքան կարողացել ենք, մաքրել ենք, ջրին հոսք ենք տվել, դե, հիմա ի՞նչ անենք, որ այս տարի տեղումները շատ են, հնարավոր ամեն բան մենք արել ենք։

Հարցի վերջնական լուծումն այն կլինի, եթե ամբողջ Գետառ գետը մաքրենք, մինչև Աբովյանի սահմանը, տեխնիկան պետք է մտցնենք գետը, ջրային տնտեսությունը նախագիծ է կազմում, որպեսզի կարողանան ընդհանուր մաքրել, չգիտեմ՝ այս տարի կհասցնե՞ն, թե՞ ոչ։ Տեղ կա՝ գետը նեղ է, ջուրը շատ է գալիս, ու խնդիր է առաջանում։ Անձրևները հենց դադարում են, մի քանի ժամ հետո ձնհալն է սկսվում, ու ջուրը մեխանիկորեն շատանում է»,- ընդգծեց Վահագն Բարսեղյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930