Բաքվից պատասխանել են Արարատ Միրզոյանին՝ ով և ինչպես է որոշում Արցախի նախկին ղեկավարների կարգավիճակը

Ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է.

«Ցավոք սրտի, դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք, և կարծում ենք, մեր դիրքորոշումը նույնն է. օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։

Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով։ Անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է։ Մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ։

Այո՛, ինչպես նկատեցիք, Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, այսինքն` համաձայնվում ենք, որ խնդիրը կա, և շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Նորություն չկա, սա այն հարցն է, որ երբ որ նորություն է լինում, անմիջապես ամբողջ հասարակությունն իմանում է: Միակ նորությունն այստեղ կարող է լինել նոր խմբի ազատ արձակումը»:

Կարդացեք նաև

Ապրիլի 10-ին՝ Մարաղայի Ցեղասպանություն 34-րդ տարելիցի օրը, այսպես ասած, հայաստանյան քաղհասարակության 20 հոգանոց պատվիրակությունը ցամաքային սահմանով՝ սահմանազատված և սահմանագծված հատվածով (Կիրանց), գնացել էր Ադրբեջան և Գաբալայում Բաքվի «քաղհասարակության ներկայացուցիչների» հետ երկօրյա քննարկում ունեցել, հերթական անգամ հանդիպել Ալիևի օգնական, Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևի հետ, նրան դեռ կանդրադառնանք:

Ի դեպ, հիշեցնենք, որ արդեն 6 տարի կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով Ադրբեջանը հարևանների հետ իր ցամաքային սահմանները փակ է պահում: Այս պահին որոշում կա այն շարունակել փակ պահել մինչև 2026-ի հուլիսի 1-ը: Բնականաբար, պատճառը տարածաշրջանային իրադարձություններն են, և ստացվում է, որ Կիրանցի հատվածով Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանը միակն է, որ բաց է, կամ՝ անհրաժեշտության դեպքում բացվում է:

Իսկ Երևանում Ադրբեջանից վերադարձած հայկական պատվիրակության անդամները, մասնավորապես, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանում խոսել են գերիների և Բաքվում պահվող անձանց մասին:

«Շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը պրոցեսի»,- նշել է նա։

Սրանից օրեր հետո ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը՝ minval.az-ը, հոդված է հրապարակել, որում, ըստ էության, հիշեցվել է Ալիևի կամ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, ինչին վերջերս մանրամասն անդրադարձել ենք: 

Ինչ է Բաքուն հիշեցնում Երևանին և պատասխանում հատկապես Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

«Նրանց (Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության.- Մ.Պ. ) իրավական կարգավիճակը որոշվում է «ապացույցների» վրա հիմնված դատական որոշումներով, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններով կամ դիվանագիտական ժեստերով:

Պատմական և միջազգային փորձը միանշանակ հաստատում է, որ «ծանր հանցագործությունները» (չակերտները՝ Մ.Պ.) չեն կարող դառնալ քաղաքական «առևտրի» առարկա: Հիշեցնենք, որ Նյուրնբերգյան դատավարությունից հետո միջազգային հանրությունն ամրագրեց պատժի անխուսափելիության սկզբունքը՝ որպես կայուն խաղաղության հիմք: Եվ այստեղ հարկ է նշել, որ դատապարտյալներն ազատ չէին արձակվում հանուն հաշտեցման, այլ ընդհակառակը՝ հենց նրանց պատժվելն էր, որ դարձավ հետպատերազմյան իրավակարգի հիմնաքարը: Այսպիսով, խաղաղության օրակարգը չի կարող կառուցվել հանցագործությունների անտեսման և դատապարտված անձանց ազատ արձակման վրա։ Այն հնարավոր է միայն մարդասիրության և արդարության միջև հավասարակշռության պահպանման դեպքում, որտեղ առանցքային դերը պատկանում է ոչ թե քաղաքական նպատակահարմարությանը, այլ պատժի անխուսափելիությանը և դատական որոշումների նկատմամբ հարգանքին»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը՝ նշելով, թե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակումը կարող է դիտարկվել ոչ թե՝ հումանիզմ, այլ՝ արդարադատության սկզբունքից հրաժարում:

Իհարկե, Բաքուն ստում է, երբ այս հարցը չի վերագրում քաղաքական նպատակահարմարությանը, այն հենց ըստ քաղաքական նպատակահարմարության էլ լուծվելու է: Այլ հարց է, որ այսօր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակումը դիտարկվում է որպես ներքաղաքական կամ երկրի ներքին հարթության հարց, և փորձում վստահեցնել, թե Բաքվում պահվող ոչ շարքային հայերի ազատ արձակումը կարող է խաթարել Ադրբեջանի քաղաքացիների հավատքը երկրի պետական ինստիտուտների հանդեպ, այլ կերպ՝ Արցախի նախկին ղեկավարներին առաջադրված մեղադրանքների շինծու լինելը «ջրի երես» կարող է դուրս գալ, ինչը հաստատ ձեռնտու չէ այս պահին Ալիևին, ոչ էլ «բարի» երևալու խնդիր ունի նա այսօր: Դե էլ չասենք, որ աշխարհում բարի կամքի դրսևորումներն այսօր կերպարային լուրջ դերակատարում չունեն, երբ ոչնչացվում է միջազգային իրավունքը և ուժն է ծնում իրավունք, կամ՝ տնտեսական շահը:

Ըստ այդմ՝ կարո՞ղ ենք ասել, որ այս պահին Ալիևն իր երկրի ներսում սեփական իշխանությունը պահելու համար «բարի կամք» դրսևորող ներկայանալու անհրաժեշտություն չի տեսնում, և իր «նյուրնբերգյան դատավարության» պատասխանատվությունն անուղղակի դնում է նաև սեփական քաղաքացիների վրա, որպեսզի քաղաքական հարմար պահի, եթե որոշի ինչ-որ բանի դիմաց ազատել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, դա ևս պայմանավորի շարքային ադրբեջանցիների ցանկությամբ: Այսինքն, ամեն ինչ այնքան հարթ չէ, ինչպես ներկայացվում է, այդ թվում՝ հասարակությունների մակարդակում: Մյուս կողմից, որպեսզի շարքային ադրբեջանցիները դադարեն հայերին թշնամի տեսնել, այստեղ, իհարկե, Փաշինյանի տրամաբանությամբ, անելիք ունի առաջին հերթին հայ հասարակությունը:

Արդյո՞ք Ալիևը ճնշում է գործադրում իր ժողովրդի վրա, որ դառնան չափազանց խաղաղասեր, պարտադրո՞ւմ է մոռանալ «ցեղասպանությունը», «էթնիկ զտումը», ինչպես Նիկոլ Փաշինյանը, իհարկե՝ ոչ: Փոխարենը՝ Ալիևը մշտապես այս կոնտեքստում ասելիք ունի հայ հասարակությանն ու Նիկոլ Փաշինյանին: Օրինակ, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ինչպես նա հայտնել է, Ադրբեջան գնացած հայկական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը դարձյալ խոսել է հայաստանյան «ռևանշիստական» ուժերից:

«Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի ներքաղաքական «լանդշաֆտում» «ռևանշիստական» ուժերի առկայությունը՝ նրանց պատերազմի կոչերին զուգահեռ, տարածաշրջանը 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին եղած տուրբուլենտ վիճակին վերադարձնելու ռիսկ է ստեղծում»,- շեշտել է Հաջիևը՝ հավելելով, որ հայ հասարակությունը խաղաղության է ուզում, ինչը հիմք է ստեղծում իրենց հուսալու, որ ««սփոյլերի» դեր ստանձնած ուժերն ի վերջո ձախողելու են խաղաղության օրակարգը խաթարելու իրենց փորձերում»:

Ծանոթ բառապաշար է, որը նախընտրական այս շրջանում գրեթե ամեն օր լսում ենք, ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:

Եթե վերադառնանք Ալիևի՝ սեփական ժողովրդին պարտադրանքին, ապա այն շատ դեպքերում վերաբերում է օկուպացված Արցախի տարածքներում Ադրբեջանի քաղաքացիների վերաբնակեցմանը: Մի առիթով գրել ենք, որ շատերը կարճ ժամանակ անց իրենց բաժին հասած վայրերից վերադառնում են Բաքու: Սա առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930