Գագիկ Ջհանգիրյանը՝ պետբյուջեից «փայ մտնողների» և ծախսերի հսկիչ փաթեթը ձեռք գցողների մասին
«Եթե քննարկվող հաշվետվության, առանձին ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ամփոփագրերում օգտագործված խախտում, չարաշահում, անարդյունավետ ծախս, գների արհեստական բարձրացում, իրականացրած աշխատանքների ուռճացում, անորակ աշխատանքների կատարում և այլ եզրերը փոխարինենք դրանց քրեա-իրավական հոմանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք, խարդախություն, յուրացում, վատնում, հավելագրում և այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլև մեղադրական ակտի ամբողջական հատվածներ»,- Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա` այս արձանագրումները վկայում են այն մասին, որ յուրաքանչյուր տարի հարյուրավոր պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ պետբյուջեում «փայ են մտնում», իսկ հաճախ «ձեռք են գցում» ծախսերի հսկիչ փաթեթը: Սակայն, կոնկրետ օրինակներ ՀԱԿ պատգամավորը չմեջբերեց` այն համարելով անիմաստ:
«Ամեն անգամ ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերն ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ի՞նչ ձևեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ, սովորաբար, ՎՊ հաշվետվությունների քննարկումները ավարտվում են»,- նշեց Ջհանգիրյանը: Նրա համար զարմանալի է այն հանգամանքը, որ ՎՊ ուսումնասիրություններում արձանագրված յուրացումները, չարաշահումները որևէ կերպ հաշվի չեն առնվում ոչ նոր բյուջեի կազմանն, ոչ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատման ժամանակ, որովհետև «մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է»:
Ջհանգիրյանը նշեց, որ համատարած այս «թալանի» պայմաններում իր համար անհասկանալի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության «անտարբեր» վերաբերմունքը: Նրա խոսքով՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս խոստովանել է, թե վերջին երկու տարիներին իրենց ուսումնասիրությունների արդյունքները դատախազությանը չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:
«Բայց, անկախ այն հանգամանքից, այդ հաշվետվությունները հասցեագրվո՞ւմ են իրավապահ մարմիններին, թե՞ ոչ, դրանք նախապես տեղադրվում են պալատի ինտերնետային կայքում, պալատի մասին օրենքի պարտադրանքով ուղարկվում ՀՀ նախագահին ու կառավարություն, ուստի իրավապահ մարմինների կողմից դրանց չարձագանքելը ուղղակի անհնար է.,- շեշտեց նա: