Բաժիններ՝

Ռուս միլիարդատերը համաշխարհային ճանաչմամբ գիտնականների հետ քննարկել է անմահության հասնելու ուղիները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս միլիարդատեր Դմիտրի Իցկովը Նյու Յորքում հավաքել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին՝ քննարկելու համար անմահության հետ կապված հարցերը:

Նրա կարծիքով՝ տվյալ ուղղությամբ առաջին փուլը պետք է հաղթահարված լինի արդեն 2020 թվականին: Միլիարդատերը հուսով է, որ իր ծրագիրը կհաջողվի ամբողջովին իրագործել մինչև 2045 թվականը: Դրա հետ կապված՝ ամերիկյան գործակալությունը հարցադրում է անում. «Երբեք չքնող քաղաքը արդյոք կդառնա՞ երբեք չմահացող քաղաք»:

Հանդիպմանը ներկա են գտնվել աշխարհի տարբեր երկրների գիտնականներ: Հանդիպման ժամանակ Իցկովը ներկայացրել է իր ծրագիրը, որի համաձայն, տվյալ նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել արդեն մինչև 2045 թվականը:

Միլիարդատերը հայտարարել է. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ տեխնոլոգիաները կարող են ազդել մարդկային էվոլյուցիայի վրա: Ես ցանկանում եմ ապագան ձևավորել այս պահից սկսած, այդ հարցերը դնել հասարակական քննարկման, սակայն դրա հետ մեկտեղ խուսափել յուրաքանչյուր սցենարից, որը կարող է վնասել մարդկությանը»:

Իցկովի մտահղացման համաձայն, ապագայում մարդկային մարմինները հնարավոր կլինի փոխարինել ոչ կենսաբանական կրիչներով, որոնք կփոխպատվաստվեն մարդու ուղեղում: Գրաֆիկը հետևյալն է. մինչև 2020 թվականը պետք է հայտնվեն մտքի ուժը ղեկավարող ռոբոտներ: Մինչև 2025 թվականը պետք է հնարավոր լինի ուղեղի փոխադրում արհեստական ապաստան՝ նրա կենսագործության պահպանման դեպքում:

Մինչև 2035 թվականը հնարավոր կլինի ուղեղից ողջ տեղեկատվությունն այնպես տեղափոխել համակարգչային կրիչի մեջ, որ ռոբոտները հարկադրված չլինեն իրենց հետ քարշ տալ գանգատուփի բովանդակությունը:

Մինչև 2045 թվականը ձեռք կբերվի տեխնոլոգիական նիրվանա, երբ երևակայակական բանականությունը կվերահսկի հոլոգրաֆիկ մարմինը: Այս գաղափարի իրագործվելի լինելու ապացուցումը հանձնարարվել է Իցկովի կողմից Նյու Յորք հատուկ հրավիրված ճապոնացի հետազոտող, ռոբոտատեխնիկ Խիրոսի Իսիգուրոն:

Նա հանրությանը ներկայացրել է մարդկային հասակով մի ռոբոտի, որին հեռվից դժվար է տարբերակել իրական մարդուց: Ռոբոտը կռանում էր, շարժում էր շուրթերը, թարթում էր աչքերը, խոսում էր և շարժում էր ձեռքերը:

Տվյալ օրինակը պետք է ծառայի որպես պիոներ՝ մարդու անմահության վերաբերյալ մշակված պլանի իրականացման համար: Դմիտրի Իցկովը հանդիսանում է ռուսական Newmedia Stars ինտերնետային ընկերության գլխավոր տնօրենը:

2011 թվականի փետրվարին Իցկովի գլխավորած ռուս գիտնականների խումբը հիմնել էր «Ռուսաստան 2045» հասարակական շարժումը, որը հանդես է գալիս տեխնիկական առաջընթացի ու ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրման արագացման հաշվին մարդու զարգացման օգտին:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի վերջին կանխատեսմամբ՝ մոլորակի վրա կյանքի միջին տևողությունը շարունակելու է աճել հետագա տարիներին: Ընդ որում, դա վերաբերելու է թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներին: 2045-2050 թվականներին կյանքի միջին տևողությունը կհասնի 76 տարվա, իսկ 2095-2100 թվականերին՝ մինչև 82 տարվա: Դարավերջին զարգացած երկրներում մարդիկ միջին հաշվարկով կապրեն մոտ 89 տարի, իսկ զարգացող երկրներում՝ 81 տարի:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2025 թվականը երկրի բնակչությունը կհասնի 8.1 միլիարդի, իսկ մինչև 2050 թվականը՝ մինչև 9.6 միլիարդ մարդու: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև 2100 թվականը Երկրի բնակչությունը կհասնի 11 միլիարդի: Ներկայումս այն կազմում է 7.2 միլիարդ մարդ:

1571306_20130616101828

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս