Բաժիններ՝

Ինչպե՞ս բուժել արևայրուքը

Արևայրուքի բուժման համար նախատեսված ժողովրդական դեղատոմսերն ընդգրկում են հալվեն, կարտոֆիլը, կիտրոնի հյութը, հազարը, քրքումը, քացախը, նուշը, վարդի ջուրը և կաթը, սառը ջրի թրջոցները, սառը  ջրով լվացումները, արևապաշտպան քսուքների օգտագործումը, օրական համապատասխան քանակությամբ ջուր խմելը, հակաբակտերիալ օճառով լվացվելը և այլ խոնավեցնող միջոցների օգտագործումը:

Արևային խիստ տոթ եղանակի  և օզոնի շերտի նվազման հետևանքով արևայրուքի հետևանքները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Ժողովրդական միջոցները կօգնեն Ձեզ արագ ազատվել արևայրուքի տհաճ հետևանքներից:

Ի՞նչ է արևայրուքը

Արևայրուքն արևի և դրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով  մաշկի կարմրությունն է և բորբոքումը: Արևի ճառագայթները բաղկացած են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինֆրակարմիր ճառագայթներից և տեսանելի լույսից: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները լինում են 3 տեսակի` ուլտրամանուշակագույն A (UVA), ուլտրամանուշակագույն B (UVB) և ուլտրամանուշակագույն C (UVC): Ուլտրամանուշակագույն A և B ճառագայթները վնասակար են մաշկի համար, իսկ ուլտրամանուշակագույն C ճառագայթը, ներծծվելով օզոնի, թթվածնի և ջրի գոլորշու մեջ, չի թափանցում երկիր: Երբ մաշկը ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, այն այրում է մաշկի  հյուսվածքները: Եթե UVA-ի ճառագայթները մաշկի տակ գտնվող հյուսվածքներն են վնասում, UVB-ի ճառագայթները վնասում են մաշկի արտաքին հատվածը:

Կարդացեք նաև

Արևայրուքի նախանշանները

  • Մաշկը կարմրում է և առաջանում են  բշտիկներ:
  • Սաստիկ գլխացավ:
  • Տենդ, ցավեր, սրտխառնոց, դողէրոցք և գրգռվածություն:
  • Ներքին վնասվածքներից է արյան անոթների և հյուսվածքների մանրաթելերի վնասվածքը, որը  նպաստում է մաշկի կնճռոտվելուն:

Ժողովրդական միջոցներ արևայրուքի դեմ

Պետք է հեռու մնալ արևից

Հիվանդը պետք է հեռու մնա արևից և տանը մնա հատկապես առավոտյան ժամը 10:00-ից մինչև կեսօրվա ժամը 16:00-ը, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել վտանգավոր են այդ ժամանակահատվածում: Դուրս գալուց պետք է կրել գլխարկ, հագնել բաց գույնի հագուստ և չմոռանալ արևային ակնոցների մասին, որպեսզի  ուլտրամանուշակագույն ճառագայթները չվնասեն աչքերը:

Թրջոցներ

Արևայրուքն առաջացնում է ցավ և մաշկի բորբոքվածություն: Թրջոցներն օգտագործվում են այրված մասը հովացնելու համար: Կարելի է հովհարով հովացնել մարմնի այրված մասը կամ օգտագործել սառը ջրի մեջ ընկղմված թրջոցներ: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 5 րոպեն մեկ՝ օրը 10 անգամ: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել այնքան ժամանակ, մինչև կողմնակի էֆեկտները վերանան:

Գոլ ջրով լոգանք

Գոլ ջրով լոգանքը նույնպես արդյունավետ միջոց է: Այն օգնում է մեղմելու ցավը, քորը և բորբոքվածությունը: Մի օգտագործեք օծանելիք, յուղեր կամ լոգանքի համար նախատեսված աղ, քանի որ դրանք ուժգնացնում են մաշկի զգայունությունը: Սրբիչից օգտվելիս պետք է առավելապես զգույշ լինել՝ մաշկը չվնասելու համար:

Հիդրացիա

Արևահարումը կարող է առաջ բերել օրգանիզմի դեհիդրացիա, ուստի  պետք է ապահովել ջրի համապատասխան քանակությունը մեր օրգանիզմում: Օրական պետք է խմել 6-8 բաժակ ջուր: Ջրի օգտագործումը հովացնում է մարմնի ջերմաստիճանը:

Բանջարեղեն և մրգեր

Ջրալի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կօգնի արագ վերականգնել ջրի պաշարն օրգանիզմում: Այդ բանջարեղենից և մրգերից են վարունգը, սեխը, պապայան, ձմերուկը:

Հալվե /ալոէ

Արևայրուքի հետևանքով առաջացած քորը, կարմրությունը, բորբոքվածությունը կարող է արագ անցկացնել հալվեի հյութը: Հալվեի հյութը նպաստում է արյունատար անոթների սեղմմանը: Կտրեք թարմ հալվեի տերևը և դրեք այրված մասին: Այս գործողությունը կարող եք կրկնել օրական 5-6 անգամ:

Կերակրի սոդա

Կերակրի սոդայով լոգանքը նույնպես կարող է մեղմել արևից ստացված այրվածքների դրությունը: 1-2 բաժակ սոդա լուծեք գոլ ջրում և մարմնով ընկղմվեք դրա մեջ մոտ 30 րոպե: Սոդայի բիկարբոնատը հավասարակշռում է օրգանիզմում ալկալի թթվի քանակությունը:

Քաշած կաթ

Քաշած կաթը պարունակում է սպիտակուց, որը թեթևացնում է այրվածքները: Կաթը և ջուրը խառնեք հետևյալ համամասնությամբ՝ 1:4, և մի քանի կտոր սառույց ավելացրեք լուծույթին: Բամբակի խծուծը թրջեք դրա մեջ և դրեք այրված մասին՝ 15 րոպե: Նույնը կրկնեք յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ անգամ:

zagar01

Վարսակի ալյուր

Վարսակի ալյուրի ջուրը մեղմացնում է արևից այրված մասի դրությունը և նպաստում արագ ապաքինմանը: Վարսակը ալյուրը լցրեք կտորի պարկիկի մեջ և ընկղմեք ջրի մեջ, ապա հանեք այն: Այդ ջրի մեջ թրջեք բամբակը և քսեք այրվածքին յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ:

Կիտրոնի հյութ և վարդի ջուր

Կիտրոնի հյութը, վարդի ջուրը և գլիցերինը հավասար չափաքանակով խառնեք և նախքան քնելը դրեք այրվածքներին: Հաջորդ օրն այրվածքը լվացեք գոլ ջրով:

Նուշի և կաթի խառնուրդ

Մի բուռ նուշն ընկղմեք ջրով լի տարայի մեջ և թողեք մի ամբողջ գիշեր: Հաջորդ օրը աղացեք նուշը և ավելացրեք կաթին: Ստացված խառնուրդը դրեք արևից այրված մասին: Դրական արդյունքի համար ցանկալի է այս գործողությունը կրկնել օրը 2 անգամ:

Հազարի տերևներ

Հազարի տերևները նույնպես լավ են այրվածքի համար: Հազարի տերևները հարկավոր է խաշել ջրի մեջ և ստանալ խյուս: Այդ խյուսը պետք է դնել այրվածքին: Այն կօգնի արագ մեղմել ցավը և նպաստել արագ ապաքինմանը:

Քացախ

Քացախը ևս հիանալի դեղամիջոց է այրվածքը բուժելու համար: Հարկավոր է մեկ բաժակ քացախ ավելացնել լոգարանի գոլ ջրի մեջ և մարմնով ընկղմվել: Քացախաջուրը կօգնի մեղմել այրվածքի ցավը, քորը, կարմրությունը և բորբոքվածությունը:

Կարտոֆիլ

Վերցրեք հում կարտոֆիլը, շերտերով կտրատեք և անմիջապես դրեք արևից այրված հատվածին:

Արևապաշտպան քսուք

Տանից դուրս գալուց մի մոռացեք օգտագործել արևապաշտպան քսուք:  Պետք է օգտագործել այնպիսի քսուք, որի արևի պաշտպանության գործոնը  (SPF) լինի 15 և բարձր: Ուշադրություն դարձրեք նաև, որպեսզի այն արդյունավետ լինի UVA և UVB ճառագայթների դեմ:

Հակա-բակտերիալ օճառ

Որպեսզի երկրորդական ինֆեկցիայով չվարակվեք, պետք է օգտագործել հակաբակտերիալ օճառ: Հակաբակտերիալ օճառն իր հատկություններով ոչնչացնում է բակտերիաները, որոնք կուտակվում են մահացած հյուսվածքների վրա:

Մաքուր օդ

Որպեսզի այրված բջիջներն արագ վերականգնվեն, պետք է մաքուր օդում լինել: Ցանկալի չէ այդ ընթացքում օգտագործել քսուքներ, կարագ, ժելե և նման յուղոտ նյութեր:

Քուն

Քունը նպաստում է արագ ապաքինմանը: Սպիտակեղենի վրա կարող եք ցանել օսլա, որպեսզի կանխեք մաշկի թեփոտումը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս