Սամվել Շահրամանյանը զառանցանք է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին հասարակությանը պառակտելու փորձերի համար։ Այդ մասին նա ասաց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, թե Արցախում ղեկավարները «փախել են»։
Նրա այս խոսքերը Շահրամանյանը զառանցանք անվանեց և կոչ արեց հասարակությանը չտրվել նման սադրանքների, որովհետև նրա կարծիքով դրանց նպատակը մեկն է՝ սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է։
«Ինչ վերաբերում է «փախան, ճողոպրեցին» հայտարարություններին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ ունեցող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, և օկուպացված է այսօր ՀՀ զգալի տարածքներ, և այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են»,- ասաց Շահրամանյանը։




