Թարս բուսնած զուգարանի տրամաբանությամբ
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը երեկ ներկայացնում էր 2012 թվականի հաշվետվությունը: Ի թիվս այլ խախտումների՝ կրկին երևան եկավ բիոզուգարանների թեման: Պարզվեց, որ Էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված բիոզուգարանները չեն շահագործվում և այդ նպատակով հատկացված 100 միլիոն դրամն արդյունավետ չի ծախսվել: Կարճ ասած՝ փոշիացվել է:
Բնականաբար, կրկին հնչեցին ելույթներ, անարգանքի սյունին գամեցին պետական փողերը փոշիացնողներին, սակայն՝ անհասցե: Որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պնդել և շարունակում է պնդել, որ ինքը չէ այդ հարցի պատասխանատուն:
Իրականում, բիոզուգարանների թեման այս ամենի մեջ, թերևս, ամենաիրականն ու հասկանալին է. որոշ մարդիկ այն օգտագործել են ճիշտ նպատակով՝ գումարները լցրել են համապատասխան անցքն ու վերցրել խողովակի մյուս ծայրից: Այսինքն՝ բիոզուգարանը ծառայել է՝ որպես փողերի լվացման բիոլվացարան:
Սակայն հակասություններն ու աբսուրդը միայն այսքանով չեն սահմանափակվում:
Նախ՝ բոլորը քննադատում են և ամենաակտիվը՝ գործող իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այնքան, որ անգամ կտրում են ընդդիմության հացը: Գալուստ Սահակյանն ասում է՝ ընդդիմության աթոռի վրա աչք չունենք: Հետո ավելացնում՝ ընդդիմության դերն ենք տանում: Իսկ ընդդիմությունը, օրինակ՝ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, կարծում է, որ վարչապետին սարքել են քավության նոխազ, և խոստովանում, որ ցանկություն կա նրան պաշտպանել:
Իշխանությունն՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի, նախ՝ հայտարարում է, որ 7%-անոց տնտեսական աճ է գրանցվել, խոսում է փայլուն ցուցանիշների և լավատեսական ծրագրերի մասին: Իսկ հետո ընդդիմությանը կշտամբում, որ երկիրը փրկելու փոխարեն՝ անհեթեթություններով են զբաղվում: Այսինքն՝ խոստովանում է, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ այն փրկելու կարիք կա:
Ընդ որում, իշխանությունն արտագաղթի և վատ վիճակի hամար հավասարապես մեղադրում է նաև ընդդիմությանը, ասելով` ժողովուրդն արտագաղթում է, որովհետև այլընտրանք չկա, նորմալ ընդդիմություն չկա: Սա՝ այն դեպքում, երբ նույն իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտը փոշիացնելու համար:
Ընդդիմությունը, բնականաբար, հակադարձում է՝ իրենց հասցեին հնչող մեղադրանքն անվանելով ցինիկություն: Քննադատում է իշխանությանը՝ պետական փողերը մսխելու ու արտագաղթի համար: Սակայն նույն ընդդիմությունը յուրաքանչյուր ընտրությունից առաջ կարծես դիտավորյալ այնպես է անում, որ իշխանությունն առանց մեծ ջանքեր գործադրելու վերարտադրվի:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսում է այն մասին, թե ինչպե՞ս են գրպանվում պետական փողերը, և հիմնավոր փաստարկներ ներկայացնում: Սակայն իր սեփական տան մասին ասում է՝ ինչ-որ մեկի ներդրումն է: Այն դեպքում, երբ ներդրումների հոսքը պակասել է. ներդրողներն էլ անգամ իրենք իրենց համար գումարներ չեն ծախսում Հայաստանում:
Հովիկ Աբրահամյանն անկեղծ զարմանում ու զայրանում է ՎՊ բացահայտումներից: Զարմանում է, որ Հայաստանում պետական փողեր ուտող պաշտոնյաներ կան: Հետո դուրս է գալիս, ԱԺ-ից տուն (Ազգային ժողովի ճարտարապետական տեսքով վերջերս կառուցված իր հսկա առանձնատուն, որը գտնվում է Մոնումենտում, որի մասին մամուլն ամիսներ շարունակ հոդվածներ և լուսանկարներ էր տպագրում) ուղևորվելիս՝ անցնում Դեմիրճյան փողոցի վրա կայանած շքեղ ավտոմեքենաների կողքով, ու չի զարմանում, թե հասարակ պատգամավորին որտեղի՞ց այդքան փող:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցնում են՝ գազի պայմանագիրը ե՞րբ է թանկացել, ասում է՝ չեմ հիշում: Խոստանում է ճշտել՝ ասել, հետո մոռանում է, որ խոստացել է ճշտել: Արմեն Մովսիսյանին հարցնում էին՝ մաքսային տվյալներին ծանոթացե՞լ եք, ասում էր՝ ժամանակ չեմ ունեցել, կծանոթանամ, հետո մոռանում է, որ խոստացել է ծանոթանալ: Հարցնում են՝ «Նաիրիտի» պարտքն ինչքա՞ն է՝ պատասխանում է՝ 70 միլիոն՝ մոռանալով մյուս 100 միլիոնի մասին:
Տիգրան Սարգսյանը բողոքում է, որ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ, որը ստեղծում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս իրենց բարեփոխումները տանել առաջ: Վարչապետի կարծիքով՝ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարևորությունը: Սակայն, իհարկե, կառավարությունը ոչ միշտ է տանուլ տալիս մամուլի հետ ճակատամարտը և գործն առաջ է տանում: Օրինակ, նույն մամուլը տարիներ շարունակ գրում էր Սյունիքի նախկին մարզպետի «քաջագործությունների»՝ բնակիչների նկատմամբ դաժան բռնությունների, ապօրինությունների մասին, սակայն կառավարությունը հերոսաբար պահպանում էր նրան՝ անգամ այն բանից հետո, երբ տարածվեց գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու տեսանյութը:
Սուրիկ Խաչատրյանը նոր կանոններ է հնարում. ինքն իր լիազորությունները պաշտոնապես դադարեցնում է: Ամբողջ երկու օր կառավարությունից մի խելքը գլխին պարզաբանում չի հնչում Սուրիկ Խաչատրյանի կարգավիճակի մասին: Սյունիքի մարզպետարանը նաև նախաքննական մարմին է և կոլեկտիվ կինոդիտման վայր: Տեսանյութեր են դիտում և ներկայացնում նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասները:
Կառավարությունը հայտարարում է՝ կարկուտից տուժած արմավիրցիների վարկերի գծով տոկոսները սառեցվել են, հետո պարզվում է, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պահանջում են կատարել վճարումները: Գյուղնախարար Սերգո Կարապետյանին կոնկրետ հարց են տալիս կարկուտի ազդեցության մասին, սկսում է հարցի հետ կապ չունեցող ելույթներ ունենալ: Հետո էլ նեղսրտում է, երբ խորհուրդ են տալիս իր համար անիմաստ ու անհեթեթ տեքստեր գրող աշխատակցին գործից ազատել:
Եվ վերջապես, Հայաստանը պարտվում է Մալթային սեփական հարկի տակ, հետո մրցակցի հարկի տակ օրեր անց ջախջախում Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին՝ Դանիային:
Այսքանից հետո կարելի է պատասխանել ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցին՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ: Վատ է, որովհետև մեր երկրում ամեն ինչ թարս է բուսնում. սկսած թանկարժեք բիոզուգարաններից՝ մինչև պետական պաշտոնյաների ելույթները: