Բաժիններ՝

Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ՝ տունդարձ. թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ ​Մեծ Պահքը հենց այն պահն է, երբ Տիրոջ բացված թևերը դառնում են մեր հոգու միակ ապահով ապաստարանը։

Տեր Հոր խոսքով՝ չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից։

««Քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թևերի տակ…» (Մատթ. 23:37):

​Երբ Քրիստոս արտասանում էր այս խոսքերը, Նա նայում էր Երուսաղեմին՝ մի քաղաքի, որը լի էր մարդկային աղմուկով, հպարտությամբ ու անտարբերությամբ։ Նրա ձայնի մեջ ոչ թե դատավորի խստությունն էր, այլ սիրող Հոր անհուն թախիծը, Ով տեսնում էր Իր զավակների կործանումն ու մերժումը։ Տերը հիշեցնում էր, որ դարեր շարունակ Ինքը փորձել է մարդկանց հետ բերել Իր մոտ, ինչպես մայր թռչունն է վտանգի պահին բացում թևերը՝ իր ձագերին տաքացնելու և պաշտպանելու համար։ Սակայն մարդկային կամքը դարձյալ ընտրել էր աստվածային հովանուց դուրս «ազատությունը»։

​Այսօր, երբ Մեծ Պահքի լռության մեջ լսում ենք այս նույն տողերը, պիտի հասկանանք՝ այդ «Երուսաղեմը» մենք ենք։ Այս հրավերն ուղղված է հենց մեզ՝ մեր տագնապների, մեր հոգնածության ու մեր փնտրտուքների մեջ։ «Քանի՜ անգամ»-ը Աստծո համբերատարության չափն է։ Նա չի հոգնել մեզ սպասելուց, Նա չի դադարել կամենալ մեր փրկությունը, նույնիսկ եթե մենք հազար անգամ շրջվել ենք Նրանից։

​Մեծ Պահքը հենց այն պահն է, երբ Տիրոջ բացված թևերը դառնում են մեր հոգու միակ ապահով ապաստարանը։ Սա հրավեր է՝ դուրս գալու աշխարհի ցրտից և վերադառնալու այն ջերմությանը, որը միայն Աստված կարող է տալ։ Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ տունդարձ։

Թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից։ Թող մեր աղոթքն ու զղջումը մեզ հետ բերեն Նրա թևերի տակ, որտեղ միայն կարող ենք գտնել իսկական խաղաղություն, ջերմություն և հոգու անվտանգություն»,- նշել է Տեր Աբրահամը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031