Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ.

«Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ:

Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։

Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։

Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար:

Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։

Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031