ՆԳՆ-ն հրատապ մեկ անձ եղանակով 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ է գնել «Արտլանչ»-ից
Ներքին գործերի նախարարությունն օրերս ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել «Արտ լանչ»-ից։ Ընկերության իրավաբանական անվանումը «Ռեդի-Սթեդի» է։
Մեկ անգամ չէ, որ գրվել է՝ «Արտլանչի» գործերը լրիվ «աջ գնացին» այս իշխանությունների օրոք․ այս ՍՊԸ-ին վստահվեցին մի քանի ՔԿՀ-ների, ՊՆ-զորամասերի սննդամատակարարումը։ Նկատենք սակայն, որ ընկերությանն առնչվող լրջագույն խնդիրներ էլ են արդեն հասցրել արձանագրել․ դեռ 2021 թվականին Հաշվեքննիչ պալատը նշել էր՝ ««Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն դատապարտյալների սնունդը պատրաստել է ՔԿՀ-ների միջոցների հաշվին։
Ինչևէ․ ՆԳՆ-ն ՀՄԱ ընթացակարգով մարտի 18-ին «Ռեդի-Սթեդի»-ից գնել է 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ․ մատակարարման ժամկետ է նշվել մարտի 7-ից մինչև դեկտեմբեր 29-ը ներառյալ։ Ի դեպ, ըստ էլեկտրոնային գնումների հարթակի՝ սա այս ՍՊԸ-ի հետ ՆԳՆ-ի առաջին խոշոր համագործակցությունն է։
«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ «Արտ լանչ»-ը, գրանցվել է 2002 թվականից, իսկ պետգնումներում հայտնվել է 2017 թվականից, իսկ 2018 թվականից սկսել գերակտիվությունը պետգնումներում՝ 100 միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրեր՝ պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում ոչ՝ մրցակցային գնման եղանակով։
Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Բակուր Մելքոնյանի տիկնոջը՝ Գայանե Մարգարյանին:



