Վարչապետը զրպարտում է ինքն իրեն
Անցնող շաբաթվա տնտեսական հիմնական տեղեկատվությունը և վերլուծությունների թեման պիտի որ 2012թ. պետական բյուջեի կատարողականը լիներ: Այն ներկայացվել էր խորհրդարանական քննարկման: Բայց հասարակական ու քաղաքական շրջանակների տնտեսական հիմնական խոսք ու զրույցի թեման հիմնականում վարչապետի անվան հետ կապված օֆշորային փաստաթուղթն էր: Այն հրապարակվել ու պատճենվել էր էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներում: Խորհրդարանական ուժերն էլ են հնչեցրել այն: Նույնիսկ վարչապետն էր արձագանքել: Նա Գլխավոր դատախազություն էր դիմել` խնդրելով պարզել, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորում գրանցված ընկերության հիմնադիրների ցանկում: Դատախազությունը, կարծեմ, հավուր պատշաճի վարչապետի խնդրանք-դիմումը վերահասցեագրել էր պատկան ինչ-որ հիմնարկի: Վարչապետի արագ արձագանքն, իհարկե, ողջունելի քայլ է: Թե ի՞նչ պիտի անեն կամ պարզեն պատկան մարմինները՝ պարզ չէ: Փոխարենը պարզ ու հայտնի է, որ մեր իրավապահները նման արագությամբ հարց պարզող չեն: Ուստի վարչապետը երեկ
ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի մի հատված նվիրեց այս թեմային: Վարչապետն այդպես էլ ասաց. «Քանի որ այդ թեզերը հնչել են այս դահլիճում, անհրաժեշտ է հենց այս դահլիճում էլ պատասխանել այդ հարցերին»: Ու ճիշտ էլ արեց: Քանի որ որոշ անպատասխանատու պատգամավորներ էին օֆշորային մեղադրանքներ հնչեցրել: Հենց նրանց էլ պետք էր պարտադրել ըմբոշխնել վարչապետի պատասխանը: Սակայն հասկանալի չէ, թե այս գործում ի՞նչ մեղք ունեին կառավարության կայք այցելող օգտատերերը: Վարչապետի ելույթն ամբողջությամբ տեղադրված է կառավարության կայքում: Իսկ այնտեղ սարսափելի մանրամասներ կան: «Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը լրատվության ոլորտում էր» վարչապետի խոսքն օրինակ վերցնելով` կարող եմ հայտարարել ես: Բայց նույնիսկ այդ փորձառությամբ չեմ կարող հստակ պատկերացնել՝ իրավունք ունե՞մ արդյոք վարչապետի մասին գրել այն, ինչ ինքն է ասում իր մասին: Իրավաբան չլինելով` գիտեմ, որ հունահռոմեական օրենսդրության վրա հենված արդի իրավահամակարգը զրպարտանքի հարցում մի նրբություն ունի: Հայտնի բան է, որ զրպարտանքը քրեական պատասխանատվություն ծնող հանցանք է: Բացառությամբ՝ մի դեպքի: Եթե մարդն ինքն իրեն է զրպարտում, ապա դա քրեական պատասխանատվություն չի ենթադրում: Այս պարագային, այսինքն, վարչապետն ինքն իր մասին կարող է ասել մի բան, որը կրկնողը կարող է ենթարկվել պատասխանատվության: Տեսեք, թե ի՞նչ է ասում մեր վարչապետը. «Վերջին 25 տարիների իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր»: Այսքանն, իհարկե, կարելի է անհետևանք մեջբերել, բայց դժվար է նույնը պնդել շարունակության մասին: Իսկ վարչապետն այսպես է շարունակում. «Փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է իմ անմիջական ղեկավարությամբ»: Պատկերացնում եք, չէ՞, որ եթե ես գրեի, որ «Փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ», ապա իրավապահները կարող էին քրեական գործ հարուցել և ինձ կանչել ապացուցելու այդ պնդումը: Անկեղծ եմ ասում, որ դա ապացուցելն ահագին բարդ կլիներ: Եվ ոչ միայն մեր կատարյալ անկախ դատական համակարգում: Բայց որպեսզի հասարակությունը հավատա իր խոսքին՝ վարչապետն ավելացրեց. «Պարոն Ջհանգիրյանն էլ կվկայի, քանի որ մասնակցում էր այն հանձնաժողովի աշխատանքներին, որը ես ղեկավարում էի հանրապետության նախագահի հանձնարարականով»: Փաստորեն, ըստ վարչապետի՝ «Փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում» ներդնելու համար ժամանակին հատուկ հանձնաժողով է գործել: Կարելի է ասել` պետական հանձնաժողով, որովհետև հանրապետության նախագահի հանձնարարականն է եղել այդ մասին: Հետաքրքիր կլիներ կարդալ այդ հանձնարարականը: Հետաքրքիր կլինի նաև պարզել հանձնաժողովի կազմը: Արդի տնտեսական առաջընթացի բավիղներում նրանց անանց փառքը սերունդներին փոխանցելու համար: Ու այլ նման բաների համար: Բայց առայժմ միայն երկու անդամի անուն է հայտնի: Եթե նաև պարզենք, թե երբ է մշակվել ու ներդրվել փողերը լվանալու համակարգը՝ կիմանանք նաև, թե ՀՀ ո՞ր նախագահի մասին է խոսքը: Փոխարենն, ափսոս, չենք պարզի, թե ո՞վ էր գրել խորհրդարանում երեկ վարչապետի ունեցած ելույթի տեքստը: Հետևաբար` չենք իմանա, թե ո՞վ էր վարչապետի հանձնարարականներն այդքան անփույթ ու փնթի կատարում: Իհարկե, չենք իմանա նաև` որքա՞ն է պետությունը վճարում իր վարչապետին այդքան ոչ շահեկան ներկայացնող չինովնիկին, ու ի՞նչ պատիժ ստացավ նա: Եթե կկասկածեք, որ մեր վարչապետը նման ելույթ է ունեցել, կարող եք ինքներդ այցելել կառավարության պաշտոնական կայք՝ «gov.am», և կարդալ: Վստահեցնում եմ, որ ելույթն արժանի է դրան: Հետաքրքիր այլ մտքեր ու փաստեր էլ կան: Տեղ-տեղ և ամբողջությամբ: