Թրամփը խոսել է Չինաստան այցը չեղարկելու հնարավորության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է հետաձգել այս ամսվա վերջին նախատեսվող իր երկար սպասված այցը Չինաստան։ Պատճառն ամերիկյան կողմի ցանկությունն է՝ ճնշում գործադրելու չինական կողմի վրա, որպեսզի Պեկինն օգնի բացելու Հորմուզի նեղուցը և մեղմելու նավթի գնաճը։ Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Մասնավորապես, Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի կախումը Մերձավոր Արևելքից մատակարարվող նավթից ենթադրում է, որ այդ երկիրը պետք է աջակցի նոր կոալիցիային, որն ԱՄՆ նախագահը փորձում է ձևավորել՝ հնարավոր դարձնելու Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի անցումը։ Թրամփը հայտարարել է, որ մինչև այցն իրենք ցանկանում են իմանալ, թե արդյոք Պեկինը կօգնի այդ հարցում։ «Մենք կարող է հետաձգենք այն»,- ասել է նախագահը՝ խոսելով այցի մասին։
Սպիտակը տունը դեռևս չի մեկնաբանել նախագահի այս հայտարարությունը Չինաստան կատարելիք այցի հնարավոր չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ։
Իրանը արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։



