Տնտեսական աճի փուչիկը. Ինչպե՞ս է դոլարի էժանացումը վերածվել «թվանկարչության»

ՔՊ-ականները զգում են, թե ինչպես է գնալով հողը փախնում ոտքերի տակից։ Այդ պատճառով էլ, որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի ագրեսիվ են դառնում, կորցնում են ինքնատիրապետումը, ավելի ակտիվորեն են նետվում քարոզչական պատերազմի մեջ։ Բայց քանի որ տեսանելի ձեռքբերումներ չունեն, քարոզչական փուչիկներ են հորինում ու փորձում դրանցով մոլորեցնել հասարակությանը։

ՔՊ-ական ամենաակտիվ քարոզիչներից մեկն էկոնոմիկայի նախարարն է, ով ակտիվ ստատուսներ է գրում, մանիպուլացնում ու մոլորեցնում է ժողովրդին։

Օրերս թվեր էր հրապարակել այն մասին, որ իրենց իշխանության տարիներին հայկական ծագման ապրանքների արտահանման կտրուկ աճեր են արձանագրվել։

«Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017թ.-ին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար։

Աճը եղել է ավելի քան 2,2 անգամ։

Սրա մեջ վերաարտահանում, ոսկի… չկա»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը։

Վերաարտահանում, ոսկի կա՞, թե՞ չկա, դա դեռ հարց է։ Սակայն անգամ առանց վերաարտահանման ու ոսկու էլ ակնհայտ է, որ այս թվերի հետևում թաքնված է էկոնոմիկայի նախարարի «թվանկարչությունը»։

Նախ, որ գործ ունենք ոչ համադրելի թվերի հետ, զուտ այն պատճառով, որ դոլարի այսօրվա փոխարժեքն էապես տարբեր է 2017թ. փոխարժեքից, իսկ արտահանվող ապրանքների արժեքը գնահատվում է դրամով, ուղղակի վերահաշվարկվում է դոլարով՝ տվյալ պահի փոխարժեքով։

Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ 2017թ. դոլարի փոխարժեքը տատանվում էր՝ 485 դրամի, 2025թ.՝ 380 դրամի սահմաններում։ Ու եթե 2017թ., պայմանական ասած՝ 1 մլն դոլարի արտահանում կատարելու համար անհրաժեշտ էր 485 մլն դրամի ապրանք, այսօր անհրաժեշտ է 380 մլն դրամի ապրանք։ Այսինքն՝ 105 միլիոնով ավելի քիչ։

Միայն այս գործոնով պայմանավորված՝ հաշվարկային ազդեցությունը հայկական ծագման ապրանքների արտահանման վրա կազմում է 21-22 տոկոս։

Այսինքն՝ հայտարարվող 4.46 մլրդ դոլար արտահանման մեջ 21-22 տոկոսը «օդ» է։

Այդ թիվը ստացվել է ոչ թե հայկական ծագման ապրանքների արտահանման ավելացման, այլ ընդամենը դոլարային հաշվարկի արդյունքում։ Չլիներ դոլարի արժեզրկումը, արտահանված հայկական ծագման ապրանքների հայտարարվող թիվը 21-22 տոկոսով փոքր կլիներ։

Որքան դոլարի արժեզրկումն ավելի մեծ լիներ, այնքան այս թիվն արհեստական ավելի բարձր կլիներ։ Բայց դրանից, հայկական ծագման ապրանքային արտահանումը բնավ չէր ավելանա, ինչն ամենակարևորն է այս պարագայում։

Ի վերջո՝ խնդիրը ոչ թե «թվանկարչությամբ» աճեր ստանալն է, այլ իրական ապրանքային արտահանում իրականացնելը։ Ցավոք, այս իշխանությունների համար միշտ էլ թվանկարչությունն ավելի կարևոր է եղել։

Ու քանի որ շատերը չգիտեն, թե ինչ դեր է ունեցել փոխարժեքի փոփոխությունն արտահանման ցուցանիշների (բացառապես ցուցանիշների) վրա, այսպիսի պրիմիտիվ մեթոդներով են փորձում խաբել հասարակությանը։ Սինչդեռ՝ իրականությունը բոլորովին այլ է. Միայն դոլարի հաշվարկային փոխարժեքի փոփոխության արդյունքում, հայկական ծագման ապրանքների արտահանումն արհեստականորեն ավելացել է գրեթե 1 մլրդ դոլարով։ Բայց դա զուտ թվաբանական աճ է, այդ 1 միլիարդի տակ ապրանքներ չկան։ Դոլարն էժանացել է, ու դրա արդյունքում արտահանումը դոլարով արտահայտված արհեստականորեն աճել է։

Եվ դա միայն արտահանմանը չի վերաբերում։ Նույն կերպ էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է, երբ հայտարարում է, թե Հայաստանի ՀՆԱ-ն 2017թ. 11,5 մլրդ դոլար էր, 2025թ. դարձել է 29,2 մլրդ դոլար. Աճել է ավելի քան 2,5 անգամ։ Կամ Հայաստանի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017թ. 3869 դոլար էր, 2025թ. դարձել է 9474 դոլար. Աճել է մոտ 2,5 անգամ։

Այս բոլոր թվերի հետևում թաքնված է դոլարի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը։ Փոխարժեքի փոփոխության ազդեցությունը հանելուց հետո, այս ցուցանիշները 21-22 տոկոսով ավելի ցածր կլինեն։

Բայց ճշմարտությունն ասելը, բնականաբար, էկոնոմիկայի նախարարի հաշվարկների մեջ չի մտնում՝ նպատակը քաղաքացիների վրա ավելի բարձր աճերի տպավորություն թողնելն է։

Ինչևէ, վերադառնանք հայկական ծագման ապրանքների արտահանմանը, որը, ինչպես տեսաք, միայն փոխարժեքի փոփոխության արդյունքում շուրջ 1 մլրդ դոլարով «աճ» է տվել։ Եթե այդ գործոնի ազդեցությունը հանենք, էկոնոմիկայի նախարարի ասած՝ 4.46 միլիարդից կմնա 3.46 մլրդ դոլար։ Աճը 2017թ. համեմատ՝ ոչ միայն 2.2 անգամ, նույնիսկ կրկնակի էլ չի լինի։

Անգամ որևէ այլ գործոն հաշվի չառնելու պարագայում՝ կստացվի, որ 8 տարվա ընթացքում հայկական ծագման ապրանքների արտահանումն արժեքային արտահայտությամբ ավելացել է 74-75 տոկոսով։ Եթե հետ գնանք ու համեմատենք, ապա կտեսնենք, որ դրան նախորդած  8 տարիներին կամ նախկինների ժամանակ, հայկական ծագման ապրանքների արտահանումն անհամեմատ ավելի մեծ տեմպերով է աճել. 2009թ. 710 մլն դոլարից՝ 2017թ. հասել էր 2 մլրդ դոլարի։ 8 տարում աճը կազմում է 2.8 անգամ։

Բայց դա էլ ամբողջը չէ։ Կան Հայաստանից արտահանվող ապրանքներ, որոնք արտաքին շուկաներում այս ընթացքում կտրուկ թանկացել են։ Դա վերաբերում է  հատկապես հանքահումքային ապրանքներին՝ պղինձ, մոլիբդեն և այլն։ Թանկացման արդյունքում այդ ապրանքների արտահանումն անվանական արժեքով կտրուկ ավելացել է։ 2017թ. կազմել էր 692 մլն դոլար, 2025թ. հասել է 1 մլրդ 213 մլն դոլարի, չնայած ապրանքային արտահայտությամբ, օրինակ՝ պղնձի խտանյութի արտադրությունը, որն ամենամեծ կշիռն ունի հանքահումքային ապրանքների մեջ, այդ ընթացքում նույնիսկ նվազել է։ Եթե 2017թ. արտադրվել էր 428 հազար տոննա, 2025թ. արտադրվել է 300 հազար տոննա։

Գնաճի ազդեցությունն առկա է նաև բազմաթիվ այլ ապրանքների արտահանման ցուցանիշների վրա։ Դրա համար, որպեսզի պարզ լինի, թե հայկական ծագման ապրանքների իրական արտահանումը վերջին 8 տարիներին ինչքանով է ավելացել, թող էկոնոմիկայի նախարարը բարի լինի համեմատություններն անել ապրանքային քանակներով։ Այդ ժամանակ գուցե պարզվի, որ ապրանքային արտահայտությամբ հայկական ծագման բազմաթիվ ապրանքների արտահանումը նույնիսկ նվազել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս