Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Իրանը. թարմացվող
Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել. այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։
«Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց և հորդորել է երկրում գտնվողներին հնարավորինս շուտ տարհանվել՝ վկայակոչելով անվտանգային իրավիճակը. ուրբաթ օրը հայտնել է Xinhua պետական լրատվական գործակալությունը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին, հայտնում է Ռոյթերս-ը։
Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց մինչև իրավիճակի կայունացումը. հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։
Իրանում ներկայումս գտնվող Ղազախստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը, պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և խստորեն հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել քաղաքացիներին ուշադիր պլանավորել իրենց ուղևորությունները Մերձավոր Արևելքի երկրներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր սրացումը։ Իրանում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են սովորականի պես։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ժամանակավորապես դուրս է բերել իր աշխատակիցներին Իրանից և փակել է իր դեսպանատունը՝ վկայակոչելով տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։
Մեկ շաբաթ առաջ նմանատիպ հաղորդագրություններ էին տարածել Շվեդիան և Գերմանիան:
Մասնավորապես փետրվարի 21-ին լրատվականները փոխանցում էին. « «Ամեն պահի կարող է փակվել օդային տարածքն ու մտցվել չվերթների սահմանափակումներ», – ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերի մասնակցությունից ձերբակալության վտանգի պատճառով։
Շվեդիայի իշխանությունները չեն կարողանա օգնել Իրանից տարհանման հարցում անհրաժեշտության դեպքում, զգուշացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը։
«Շվեդները պետք է լքեն Իրանը հիմա, քանի դեռ կարող են, և ոչ թե սպասեն», – գրել է նախարարը սոցիալական ցանցերում»։



