Դատարանն ազգայնացրել Է Ռուսաստանում ավիատոմսերի ամրագրման Leonardo խոշորագույն համակարգը
Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը լիովին բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և հօգուտ պետության բռնագանձել «Սիրենա-Թրևլ» խմբի ակտիվները, ներառյալ Ռուսաստանում ավիատոմսերի ամրագրման խոշորագույն «Leonardo» համակարգը և ուղևորների ու ուղեբեռի գրանցման «Astra» համակարգը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։ Գործի քննությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ դռնփակ ռեժիմով։
Հայցը, որը ներկայացվել էր փետրվարի 4-ին՝ ծախսերի վերահսկողության մասին օրենքի (230-ФЗ) հիման վրա, առնչվում է 45 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Պետդումայի պատգամավոր Ռիֆատ Շայխուտդինովին, միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովին, ինչպես նաև «Pika Investments Limited», «HDH-Hotel Development Holding SA» ընկերություններին և «Ավիակոնսորցիում» ԲԲԸ-ին։ ՌԲԿ-ի աղբյուրները Գլխավոր դատախազությունում հայտնել են, որ գերատեսչությունը պարզել է՝ ավիացիոն ոլորտի համար կրիտիկական նշանակություն ունեցող կառույցները ձեռք են բերվել կոռուպցիոն ճանապարհով և գտնվել են «քրեական ազդեցության ու օտարերկրյա վերահսկողության տակ»։
«Leonardo»-ն, որը մշակվել է «Ռոստեխ»-ի և «Սիրենա-Թրևլ»-ի կողմից, ավիատոմսերի ամրագրման ռուսական առանցքային համակարգն է, որը փոխարինելու է եկել արևմտյան Sabre, Navitaire և Amadeus համակարգերին։ Այն օգտագործում են ռուսական ավիաընկերությունների մինչև 90%-ը։ Հայցը ներկայացվել էր հունվարի վերջին համակարգի աշխատանքում տեղի ունեցած լայնամասշտաբ խափանումից հետո, որը հանգեցրել էր չվերթների չեղարկման և ձեռքով գրանցման անցմանը, ինչը, Տուրօպերատորների ասոցիացիայի գնահատմամբ, առնչվել է առնվազն 20 հազար ուղևորի։
Քննության վարկածով՝ սեփականության ներկայիս կառուցվածքը ձևավորվել է 2003 թվականին «Քաղաքացիական ավիացիայի օդային հաղորդակցությունների գլխավոր գործակալություն» պետական ձեռնարկության կանխամտածված սնանկացման հետևանքով։ Գործակալությունը զբաղվում էր տոմսերի վաճառքով ավիադրամարկղերի ցանցի միջոցով և կառավարում էր փոխադրումների ձևակերպման «Սիրենա» համակարգը։ Այդ ժամանակահատվածում այն գլխավորում էր Ռիֆատ Շայխուտդինովը։ Գլխավոր դատախազության վարկածով՝ նա օրինականացրել է ստացված միջոցները և ներդրել դրանք անշարժ գույքի, այդ թվում՝ հյուրանոցային նախագծերի մեջ՝ գործելով Իբրահիմ Սուլեյմանովի և Տատևոս Սուրինովի հետ համատեղ։
Սուլեյմանովը, ով արդեն կրել է խարդախության համար նախատեսված պատիժը, 2025 թվականի հոկտեմբերին Բասմանյան դատարանի կողմից ձերբակալվել է «Վնուկովյան ավիաուղիների» արհմիության նախագահի և Ֆինանսական առողջացման ու սնանկության հարցերով դաշնային ծառայության նախկին ղեկավարի սպանությունները կազմակերպելու մեղադրանքով։ Շայխուտդինովը նախկինում նույնպես մեղադրվել էր կանխամտածված սնանկացման մեջ, սակայն 2011 թվականին գործը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։



