«Սերն ինչպես կինոյում» ներկայացումը 16 տարի անց իրականություն դարձավ
Սիրո տոներին ընդառաջ՝ Երևանի Կամերային թատրոնն իր հանդիսատեսի համար սիրո մասին ամենագեղեցիկ ներկայացումն է բեմադրել՝ «Սերն ինչպես կինոյում»։
Ռեժիսոր Լուսինե Երնջակյանի այս պիեսը դեռ 16 տարի առաջ պետք է բեմադրվեր թատրոնում, նույնիսկ գխավոր դերակատարներն էլ էին հայտնի՝ Արշալույս Հարությունյանը և Լուիզա Ներսիսյանը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն բեմ չի բարձրացել։ 16 տարի անց պիեսը բեմ է բարձրացել թատրոնի երիտասարդ դերասան Ժորա Մարտիրոսյանի ռեժիսուրայով։ Եղել է նաև մի շրջան, երբ որոշել են բեմադրել այն, Ժորա Մարտիրոսյանին էլ ներգրավեն՝ որպես գլխավոր դերակատար, կրկին որոշակի պատճառներով չի ստացվել։
Բայց ինչպես ասում են՝ երրորդ փորձը հաջող է ստացվել և վերջնական որոշվել՝ Ժորա Մարտիրոսյանը ոչ թե ներգրավված կլինի դերասական կազմում, այլ անձամբ կբեմադրի պիեսը։

«Սերն ինչպես կինոյում» լիրիկական կատակերգությունը սիրո, սերն ամուր պահելու և չկորցնելու մասին է։ Ներկայացման հերոսուհուն և հերոսին միավորում են նույն մարդիկ, սակայն տարբեր դրդապատճառներով՝ հերոսը ցանկում է վերադարձնել իր սիրելի աղջկան, ով ուրիշին է ընտրել, իսկ հերոսուհին՝ Էմման, պատժել իր նախկին սիրեցյալին, ով, պարզվում է, խաբեբայի մեկն է։ Նույն հարկի տակ մի քանի օր շարունակ նրանք երկուսով հետևում են իրենց նախկին սիրելիներին, որոնց բնակարանում տեսախցիկ են տեղադրել, և այդ ընթացքում հասկանում են, որ իրական սեր են գտել՝ միմյանց։
«Դերասանական կազմն ամբողջովին փոխվել է, ինչո՞ւ հենց այս կազմը, ախր բոլորն էլ շատ լավն են։ Գլխավոր հերսուհու՝ Էմմայի դերակատարման համար երկար ժամանակ դերասանուհի ենք փնտրել, նույնիսկ մտածում էին, կարող է դրսից ուրիշ դերասանուհի բերենք։ Բայց հետո հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ որոշեցինք, որ անպայման մեր թատրոնի դերասանները լինեն, ընտրվեց դերասանուհի Մոհանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանը։
Ըստ նրա, Լուսինե Երնջակյանը ներկայացման փորձերին առհասարակ չի միջամտել, միայն առաջարկներ է արել, իսկ փորձերի սկսման պահից հետո թողել է, որպեսզի ռեժիսորն ու դերասաններն անձամբ ստեղծագործեն բեմում։
«16 տարի անց սցենարային որևէ փոփոխություն չի եղել, պարզապես որոշակի տեսարաններում ավելացումներ են եղել։
Ինքներս ամեն ինչ արել ենք, որ հենց փետրվարի 13-ին տեղի ունենա ներկայացման պրեմիերան»,- նշեց ռեժիսորը և շեշտեց՝ ինչպես միշտ, իր թիմից շատ գոհ է։
Ներկայացումից հետո դերասաններ Ավետ Զոհրաբյանը, Մոհանան և Մհեր Ալաբեգյանն արդեն կուլիսներում կիսվեցին տպավորություններով։
Ներկայացման գլխավոր դերակատարի՝ Ավետ Զոհրաբյանի խոսքով՝ զգացողությունները խառն են ու հետաքրքիր, բայց մեկ բան հստակ է՝ ներկայացումը շատ սիրեց և այս ներկայացումը համալրելու է իր սիրելի ներկայացումների շարքը։

«Իրական կյանքում եթե նման բան լիներ ինձ հետ, բոլորովին այլ կերպ կվարվեի։ Ես չէի հետևի այդ աղջկան, որովհետև եթե մեկը հեռանում է ինձանից, ինձ համար հեռանում է անվերադարձ»,- նշեց դերասանը։
Մհեր Ալաբեգյանի խոսքով էլ՝ ներկայացումն իր համար ինչ-որ չափով էքսպերիմենտ էր։
«Մենք և «կինոյի» մեջ էինք, և՛ գիտեինք հանդիսատեսը նայում է բեմում, երկուսը մեկում էր։ Լարվածություն կար, փորձեցինք դա հաղթահարել, հանդիսատեսն արդեն սա կասի»,- նշեց նա։
Մհեր Ալաբեգյանը և Էրմինա Զախարովան ներկայացումում միաժամանակ և՛ բեմում էին, և՛ բեմում չէին, հանդիսատեսը նրանց հետևում էր բեմում տեղադրված մեծ էկրանից։
Դերասանուհի Մոհանան, ով ներկայացման ընթացքում գարեջուր էր խմել, նույնիսկ բեմում լոգանք ընդունել, կուլիսներ էր վերադարձել թաց մազերով ու մի քիչ գինովցած։ Խոստովանեց՝ առհասարակ ալկոհոլ չի օգտագործում, բայց բեմում՝ ներկայացման ընթացքում, մի քիչ գարեջուր խմելը թողել է իր ազդեցությունը, ինչ արած՝ բեմում Էմմայի ամբողջական կերպարը ներկայացնելիս պետք է գնար նաև այդ «զոհողությանը»։

«Էմոցիաներս շատ խառն են, ուրախ եմ, որ վերջապես մենք դա արեցինք։ Իմ մարմնավորած կերպարից՝ Էմմայի բնավորությունից որոշ գծեր ունեմ։ Իրականում կյանքում էլ կգնայի իմ սիրած տղայի հետ»,- ընդգծեց Մոհանան։
Ժորա Մարտիրոսյանը վերջում նաև ասաց՝ ներկայացումը համալրելու է թատրոնի խաղացանկը, նաև կատակեց՝ եթե, իհարկե, հանդիսատեսը դրական արձագանքի։ Իսկ հանդիսատեսը ներկայացման վերջում բարձր ծափահարություններով ու «բրավո»-ներով հաստատեց ռեժիսորի խոսքը։



