«Հյուսիսային պողոտան պարզապես գլամուրային խանութների շքերթ է»
Ասում է լուսանկարիչը
Հունիսի 5-15-ը Կամերային թատրոնում անցկացվում է «Երեք հայացք Երևանին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Երեք հատվածներից բաղկացած ցուցահանդեսում ներկայացված են Սարգիս Հովհաննիսյանի, Հայկ Բիանջյանի և Ռուբեն Փաշինյանի աշխատանքները:
Սարգիս Հովհաննիսյանը պատկերել է Երևանի` արդեն հիշողություն դարձած, քանդված շինություններն ու տները, Հայկ Բիանջյանը ներկայացրել է Երևանն այլանդակող կառույցները, պատմական արժեք ունեցող հին շինությունների ապամոնտաժումն ու երևանյան հին հուշարձանների բարբարոսաբար ոչնչացումը, իսկ Ռուբեն Փաշինյանը ներկայացրել է տարատեսակ ոչ էսթետիկ շինություններ, որոնք փոխարինել են պատմական արժեք ունեցող հին կառուցներին, ինչպես նաև Երևանում առկա տարատեսակ անիմաստ պոստերներ, անգրագետ ցուցանակներ, և այլն:
168.am-ի հետ զրույցում լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ասում է, որ ցուցահանդեսին ներկայացրել է 2004-ից մինչև 2013 թվականներն արված լուսանկարները:
«Ներկայացրել եմ քաղաքի կենտրոնական փողոցների հին շենքերն ու փողոցները: Կարող եմ հաստատ ասել, որ կենտրոնում որքան հին շենք կա, վտանգված է, որովհետև մի օր մի սեփականատեր որոշում է, որ այնտեղ ուզում է բարձրահարկ շենք կառուցել: Ես արդեն եկել եմ այն կարծիքին, որ այս ամենը պետության կողմից ծրագրավորված քաղաքականություն է, որովհետև այս ամենը ոչնչացնելով՝ ոչնչացրեցին երևանցու կերպարը. երևանցու, ով ուղեղ ուներ, մտածում էր: Այսօր Հյուսիսային պողոտայով քայլողը ոչ մի բավականություն չի ստանում, և նրա մեջ հոգևոր արժեքներ չեն ձևավորվում: Այնտեղ գլամուրային խանութների շքերթ է, որոնցից հասարակ մարդիկ չեն օգտվում»,- մեզ հետ զրույցում ասում է լուսանկարիչը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև մի շարք հայտնի մարդիկ, դերասաններ Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, երգիչ Արամոն, «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը և այլք:
168.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ տեսք ունի Երևանը Միքայել Պողոսյանի աչքերում, դերասանը պատասխանեց. «Ինձ թվում է` ինչ-որ բարբարոսային մի զանգված, չգիտեմ՝ որ մոլորակից, ներխուժել է մեր երկիր, և չգիտես՝ ինչ ուժերի միջոցով, ուղղակի ոչնչացնում է մեր պատմությունը, գենը: Ես այդ տպավորությունն ունեմ: Չես հասկանում` ո՞ր ազգի պատկանելություն ունեցող երևույթներ են: Հայ չեն հաստատ, նույնիսկ թուրքի հետ եմ դժվարանում նրանց համեմատել: Աչքիդ առջև մի բան է կատարվում, չգիտես՝ ինչպե՞ս փրկես: Սա շատ խորն արմատներ ունի, և բուժման ձևն էլ չգիտես` վերցնել քանդե՞լ այն ամենն, ինչն «արարվել» է այս վերջին տարիներին… Քաղաքաշինությունը վերածվել է շենքաշինության: Ամոթ բոլորիս»:
«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ ասում է, որ իրեն մեծ ցավ է պատճառում «Երևանի նկատմամբ 2000 թվականից սկսված վանդալիզմը և այն, որ շատերը մեզանից խլել են Երևանը և քանդել այն»:
«Ես հասկանում եմ, որ Երևանը ժամանակակից քաղաք պիտի լինի, աճի, բայց Երևանն իմ տեսած երկրների մայրաքաղաքներից միակն է, որն ունի այսքան հին պատմություն և չունի հին քաղաք: Երևանը չունի ոչ մի հնություն: Երբ այստեղ եմ բերում իմ ընկերներին, բնականաբար, մեծ նշանակություն ունեցող եկեղեցիներից բացի, ուրիշ ոչ մի կառույց նրանց չեմ կարողանում ցույց տալ: Ցավում եմ այս երևույթի համար: Մեզանից գողացան, ջարդեցին մեր Երևանը, վատ նախագծեր իրականացրեցին: Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ նրանք, ովքեր ստորագրել են այս ամենի տակ, պատասխան կտան: Ցավում եմ և չգիտեմ` մենք երբևիցե կվերականգնե՞նք մեր հին Երևանը, թե՞ ոչ»,- հավելեց Շուշանիկ Արևշատյանը: