Սաակաշվիլին Ռասմուսենին խնդրել է հետաքննել համացանցում հակավրացական տեսանյութի հայտնվելը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որում խնդրել է հետաքննել համացանցում հակավրացական տեսանյութի հայտնվելը:
Հունիսի 6-ին համացանցում տվյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես անց Աֆղանստանի Հելմանդ նահանգում հարձակում իրականացվեց վրացական զինվորական կոնտինգենտի վրա, ինչի հետևանքով զոհվեց 7 և վիրավորվեց 9 վրացի զինծառայող:
Վրաստանի նախագահը խնդրել է պարզել, թե արդյոք այդ տեսանյութի հայտնվելը կապ ունի՞ վրացի զինվորականների վրա իրականացված հարձակման հետ: Նամակում Սաակաշվիլին նաև հույս է հայտնել, որ կշարունակվի Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, և որ հարձակման հետևանքով տուժած վրացի զինվորականները կստանան անհրաժեշտ օգնություն:
Հիշեցնենք, որ վրացական կողմը չի բացառում, որ «Թալիբանի» անունից ջիհադի մասին տեսանյութը YouTube-ում կարող է տեղադրված լինել Վրաստանից: