Վրաստանում սուգ է հայտարարվել. Աֆղանստանում զոհվել է 7 և վիրավորվել է 9 զինծառայող
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ հունիսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ կապված Աֆղանստանում վրացի զինծառայողների զոհվելու հետ: Այսօր ողջ Վրաստանի տարածքում կիջեցվեն պետական դրոշները:
Աֆղանստանի Հելմանդ նահանգում գտնվող վրացական ռազմաբազայի վրա մահապարտ-ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 7 վրացի զինծառայող, վիրավորվել է ևս 9 զինծառայող: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասիան ընդհատել է իր պաշտոնական այցը Բրյուսել և մեկնել է Աֆղանստան:
Զոհվածների ընտանիքներին իրենց ցավակցություններն են ուղղել Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Հիշեցնենք, որ հունիսի 3-10-ին Վրաստանում վեցերորդ անգամ անցկացվում է ՆԱՏՕ-ի շաբաթ, ինչի կապակցությամբ Վրաստան է այցելել Ջեյմս Ափաթուրայը: Ուշագրավ է, որ երեկվա հարձակումը տեղի է ունեցել Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա ժամանակ:
Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2009 թվականի օգոստոսից: Ներկա դրությամբ Աֆղանստանում գտնվում է 1545 վրացի զինծառայող: Աֆղանստանում ցայժմ զոհվել է 29 վրացի զինծառայող: Մայիսի կեսերին էլ Աֆղանստանում զոհվել էր վրացի երեք զինծառայող: