Ալեն Սիմոնյանը հակադարձել է Երևանի քաղաքականության մեջ բևեռների փոփոխության մասին խոսքերին. Սիմոնյան-Մատվիենկո հանդիպման շեշտադրումները

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սխալ է անվանել այն պնդումները, թե իր երկիրը համակարգված գիծ է վարում Ռուսաստանի հետ փոխգործակցության կրճատման ուղղությամբ՝ հօգուտ Եվրամիության։ Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է Մոսկվայում լրագրողներին՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո։

Մասնավորապես, հարցերից մեկում հնչել էր, որ «Հայաստանի կառավարության վերջին շրջանի կուրսը նման է Ռուսաստանի հետ փոխգործակցության կրճատման համակարգված գծի»։ Այս կապակցությամբ Սիմոնյանին հարցրել էին՝ արդյոք Երևանը չի՞ վախենում, որ Մոսկվան ի վերջո երես կթեքի, իսկ Եվրամիությունը թիկունք չի կանգնի։

«Ես չեմ կիսում Ձեր կարծիքը։ Կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողքին կամ աշխատել ինչ-որ մեկի դեմ», – պատասխանել է խոսնակը։

«Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականությունը, իր տեսլականը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Կարծում եմ, որ Ձեր տված հարցի պատասխանները կարելի է գտնել նրանում, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից հետո։ Այն ընկալումը, թե Հայաստանը փորձում է կուրսը փոխել մի բևեռից դեպի մյուս բևեռ, սխալ է։ Հայաստանը չի լինելու ոչ մի բևեռում և չի լինելու հակառակ բևեռում», – հայտարարել է նա։

Մատվիենկոն Սիմոնյանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ Ռուսաստանում ցանկանում են, որ «Հայաստանը լինի բարեկեցիկ, ծաղկուն, որպեսզի Հայաստանում լինի կայուն քաղաքական իրավիճակ, քանի որ մենք շատ ենք թանկ գնահատել և գնահատում ենք մեր կապերը հայ ժողովրդի հետ»։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ կլինի ուղարկել իր դիտորդներին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի և համապատասխան հրավեր ուղարկի։ Այս հարցը, ի թիվս այլոց, քննարկվել է Սիմոնյանի հետ հանդիպմանը։

«Կարծում եմ, որ մեր խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների շահերից, դա բխում է մեր ժողովուրդների շահերից», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը։

Նա նաև նշել է երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը։

«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 33 տոկոսը բաժին է ընկնում ռուսական կողմին։ Այս տարիների ընթացքում ռուսական բիզնեսի կողմից ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել Հայաստանի 40 նախագծերում։ Սա խոսում է այն մասին, որ մենք հետագա զարգացման մեծ պլաններ ունենք», – նշել է Մատվիենկոն։

Տեսանյութեր

Լրահոս