Բաժիններ՝

Լիբիայում հաստատել են, որ Քադաֆիի որդին մահացել է հրազենային վերքերից

Լիբիայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել է, որ քննիչներն ու դատաբժշկական փորձագետները զննել են Լիբիայի նախկին առաջնորդի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի մարմինը և պարզել են, որ նա մահացել է հրազենային վերքերից։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Գլխավոր դատախազի գրասենյակը հաստատել է, որ աշխատում է կասկածյալների ինքնությունը պարզելու ուղղությամբ և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քրեական գործ հարուցելու համար։

Al-Jareeda-ի փոխանցմամբ՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի քաղաքական թիմը նշել է, որ նա նախկինում եղել է մահափորձերի թիրախ։

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է փետրվարի 3-ին մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող Զինթան քաղաքում գտնվող իր տանը։ Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Քադաֆիի քաղաքական խորհրդական Աբդ Ալլահ Օթմանը հաստատել է նրա մահը իր պաշտոնական էջում արված գրառման մեջ։

Տրիպոլիում Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ չորս զինված անձինք ներխուժել են Սեյֆ ալ-Իսլամի բնակարան և կրակ բացել նրա վրա։

Լիբիական լրատվամիջոցները հայտնել են, որ Սեյֆ ալ-Իսլամի սպանությունից առաջ տեսախցիկներն անջատվել են։

Քադաֆին Զինթանում և ընդհանրապես Լիբիայի տարածքում տեղաշարժվում էր ուժեղացված հսկողության ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս