«Ռազմագիտության քննությունից կտրվածի» դասախոսությունը՝ գեներալներին, կամ` ինչպես կարելի է «փակել» 80-ականների էջը, բաց թողնելով 60-ականներինը
Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և որոշել է, որ ինքը բավարար գիտելիքներ ունի բարձրաստիճան զինվորականությանը ռազմակրթական և ռազմատեխնիկական դասեր տալու և դեռ մի հատ էլ հայտարարելու, թե՝ որ գեներալ է, ուրեմն՝ ամեն ինչ գիտի՞: Թե որքանով էին ՊՆ դահլիճում ներկա գեներալներն իրենց կոմֆորտ զգում (չենք ցանկանում ավելի կոպիտ բառ ընտրել), կարող ենք միայն ենթադրություններ անել: Իսկ մեր աչքի առաջ միանգամից մի քանի դրվագ եկավ:

Դրվագ առաջին
2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» ֆոնին մտադիր էր վարչապետ դառնալ, այդ ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նրան հիշեցրել էր, որ ընտրվելու դեպքում նաև պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար է հանդես գալու: Ըստ այդմ, ինչպես շարունակել էր պատգամավորը, իրեն և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է Փաշինյանի կարողությունը, պատրաստվածությունը, պաշտպանական ու անվտանգության համակարգի իմացությունը:
«Վարչապետ ընտրվելու դեպքում դուք շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնեք, հատկապես՝ պատերազմի ժամանակ»,- շեշտել էր Կորյուն Նահապետյանը և երկու կոնկրետ իրավիճակ բնութագրել՝ հարցնելով Փաշինյանին, որ եթե ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգ առկա լինի, ի՞նչ կձեռնարկի, և ինչպիսի՞ իրավական հնարավորություն է տեսնում ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈւ առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին, և այլն:
Եվ ահա, թե ինչ է պատասխանում վարչապետ և գերագույն հրամանատար դառնալու հավակնություններ ունեցող Փաշինյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցերին:
«Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, և Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, ՀՀ-ում կա Գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա Պաշտպանության նախարարություն և, ընդհանրապես, վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է՝ համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով։ Որովհետև հիմա, որ էդ հարցերը տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեսզի տամ այդ հարցի պատասխանը՝ սկսած նրանից, թե եղանակը ինչպիսին է և ինչպիսին է սպասվում, և այլն»,– արձագանքել էր Փաշինյանը:
Բնականաբար, սա առաջացրել էր ՀՀԿ պատգամավոր զարմանքը:
«Պարոն Փաշինյան, խոր ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին։ Դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը և պատասխանատվությունը ստանձնել՝ որպես գերագույն հրամանատար, որովհետև, եթե դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները, ով պետք է՝ որպես վարչապետ, ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԶՈՒ ԳՇ պետը։ Նրանք ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու»,- հակադարձել էր Կորյուն Նահապետյանը՝ ներկայացնելով այն, թե ինչ պետք է անել ընտրվելու պարագայում։
Դրվագ երկրորդ
2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ է բանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:
Այնուհետև Ալթունյանը շարունակել էր՝ «մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդյոք կարո՞ղ եք ասել, որ հիմա արդեն ամբողջովին տիրապետում եք այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը, և որոնց պետք է տիրապետի ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարը», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Առաջինը, կարծում եմ, գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը, դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու ընդունակությունն ու կարողությունն է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր պետությունը, զինված ուժերը, մեր ժողովուրդն առավել մարտունակ են, երբ կա այնպիսի գերագույն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, և այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարված տալու համար»:
Գերագույն հրամանատարի գործառույթների մասին հարցին տված Փաշինյանի այս պատասխանից ևս արդեն այն ժամանակ կարելի էր հետևություն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել օրենքով սահմանված գերագույն հրամանատարի լիազորություններին և այն կարողություններին, որոնք պիտի ունենա պատերազմող երկրի գերագույն հրամանատարը, այսինքն, նա չէր բարձրացել հանրահավաքներ վարողի մակարդակից:
Այսինքն, 2018-ին Փաշինյանը «զգուշացրել» էր՝ սխալ պատկերացումներ ունի գերագույն հրամանատարի պարտականությունների մասին։ Եվ ոչինչ, որ հետո հայտարարում էր, թե «չշշկռվեն» կասկածեն գերագույն հրամանատարի իր կարողությունների վրա:
Թե ի՞նչ տեսաք, երբ գերագույն հրամանատար էր, կարճ կասենք՝ 44-օրյա պատերազմում ՀՀ պարտությունը վկա և ոչ միայն:
Դեռ չենք ասում, որ, չիմացությամբ թե դիտավորյալ, Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ իրեն վերապահել էր գերագույն հրամանատարի կարողություններ, որի իրավունքը չուներ, քանի որ երկրում ռազմական դրություն էր հայտարարված, որի ժամանակ ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին, բայց ամբողջ պատասխանատվությունը դրվեց ՀՀ զինված ուժերի վրա, ինչի մասին հուշել էր դեռ 2018 թվականի մայիսին:
Դրվագ երրորդ
Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր» կամ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց դրանց ամբողջովին ծանոթանալու և հասկանալու։
Ավելին, 2022 թվականի սեպտեմբերին Փաշինյանն ԱԺ-ում, մասնավորապես, հայտարարել էր.
«Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած»:
Այս դրվագներին կարելի ավելացնել նրանք, թե ինչպես Փաշինյանը զենքը զինամթերքից չի տարբերել, ինչպես է հայտարարել, որ մինչև 2018 թվականը ՀՕՊ միջոցներ չենք ունեցել, կամ՝ ինչպես է իրեն թվացել, որ ռազմական տեխնիկայի թողարկման և դրանց ձեռքբերման ժամկետները նույն բաներն են: Օրինակ, եթե Սու-30-ը ձեռք է բերվել 2019 թվականին, թեկուզև նոր, դա պիտի համարվի ոչ 80-ականների, թեև Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին:
Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Այս համատեքստում և Փաշինյանի դեռ տարիներ առաջ հնչեցված այն հայտարարություններին, որ 80-ականների զենքի էջը փակվել է, հավելենք, որ Բանակի օրը ՊՆ-ում զինվորականության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Այդ ընկալումը՝ Դ-30, Դ-30, Դ-30, Դ-30….Բայց այս ընկալման մեջ անընդհատ ինչ-որ սխալ բան կա: Բայց մենք հիմա չենք հրաժարվել Դ-30-ից: Մեր օրոք մեր բանակն առաջին անգամ ունի գործարանային արտադրության Դ-30, որը մեզնից առաջ ոչ մեկը չի կրակել: Նախկինում մեր բանակի պատմության ընթացքում նույնիսկ այս գովական և ամենասիրելի Դ-30-ից գոնե մի հատ անգամ չենք ունեցել, որի առաջին կրակողը մենք ենք եղել: Ընդհակառակը՝ մենք ունեցել ենք այնպիսի Դ-30-ներ, որի 100 տոկոսով վերջին կրակողն ենք մենք լինելու: Էդ некондиционный Դ-30-ի… էդ էլ չի բայց ահռելի քանակ էղել, և դուք դա բոլորդ գիտեք: Եթե դուք չգիտեք, ես շատ լավ գիտեմ: Էս ամեն ինչի մասին ընդունված չի եղել մեր իրականության մեջ խոսել: Ասում եմ՝ էսօր մենք ունենք, Դ-30-ից մենք չենք հրաժարվել, բայց Դ-30-ը լրացվել է այնպիսի զինատեսակներով…»:

Այսինքն, 80-ականների էջը փակած հայտարարած Փաշինյանը, ըստ էության, չի փակել 60-ականների զենքի էջը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ լավ արդյունքներ է գրանցել, ավելին, Դ-30-ը նաև Ադրբեջանն է կիրառել, թեև ուներ նաև ոչ սովետական կամ ռուսական հրետանային միջոցներ: Ինչ վերաբերում է Փաշինյանի ձևակերպմանը, թե այսօր գործարանային արտադրության Դ-30 հաուբից ունի մեր բանակը, ապա այդ հարցն առանձին քննարկման հարց է, շատ հնարավոր է, որ խոսքն ընդամենն արդիականացման մասին է: Այս թեմայով մանրամասներին առանձին ենք անդրադառնալու:
Ի դեպ, նույն հաջողությամբ 2019-ին Փաշինյանի իշխանության ձեռք բերած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների հետ կապված էլ տարբեր խոսակցություններ են եղել, այդ թվում՝ իշխանական շրջանակներից:
Ավելին, մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը չի հերքել քրեական վարույթ հարուցելու փաստը: Բայց այստեղ էլ կարող են լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տարրեր: Առհասարակ, սպառազինության մասին խոսակցություններ պիտի ծավալվի մասնագիտական, փաստարկված և ոչ քաղաքական պայքարի համատեքստում, ինչը տեսնում ենք և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակներից, ի վերջո, բանակի և անվտանգության հետ գործ ունենք:
Իսկ այն, որ տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը բանակին առնչվող զարգացումներին, 44-օրյա պատերազմին առնչվող փաստերին ավելի շատ է տիրապետում, կամ՝ ավելի շատ փաստերի է տիրապետում, քան 44-օրյայի քննիչ հանձնաժողովը, քննչական և իրավապահ մարմինները, սա էլ առանձին քննության թեմա է, և կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում:
