Օրինականացված թալան. Ինչո՞վ են պաշտոնյաները փակում իրենց միլիոնավոր վարկերը
Իշխանությունը զավթելուց 8 տարի հետո էլ, ՔՊ-ականները շարունակում են նախկիններին մեղադրել պետությունը թալանելու ու պաշտոնյաներին «ծրարով» փող բաժանելու մեջ։ Չնայած, այդպես էլ այդ «թալանն» ու «ծրարով» փող բաժանելը ջրի երես դուրս չեն գալիս։ Ութ տարում չկարողացան որևէ հաստատված փաստ ներկայացնել, որ նախկինում «ծրարով» փող են բաժանել պետական պաշտոնյաներին։ Թալանի ու «ծրարով» փող բաժանելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող մեղադրանքներն ինչպես եղել, այնպես էլ մնում են Նիկոլ Փաշինյանի հիվանդագին երևակայության ու մտասևեռումների շրջանակներում։
Մինչ նախկինների թալանի ու «ծրարով» փող բաժանելու վերաբերյալ տարիներ շարունակ պտտվող խոսակցությունները դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցնում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն իրենք են մեխանիզմ ստեղծել պետական բյուջեն թալանելու համար։ Դա արել են թալանին օրինական տեսք տալով։ Օրենքով են թալանում բյուջեն։
Իշխանության գալուց հետո, բոլորն էլ տեսնում են, թե ինչպես են պաշտոն ու դիրք ունեցող ՔՊ-ականներն արագ հարստանում, թանկարժեք բնակարանների ու ավտոմեքենաների, այլ գույքերի տեր դառնում։ Որին հարցնում ես, վարկերով են գնել։ Բայց ոչ մեկը չի ասում, թե ինչի՞ հաշվին են փակում այդ վարկերը։ Չէ՞ որ մեծ եկամուտներ են պետք այդ վարկը փակելու համար։ Այստեղ է, որ իրենց առաջ բացել են պետական գանձարանի դռները։
Նախկիններին մեղադրում են «ծրարով» թաքուն փող ստանալու մեջ, իրենք բյուջեից են ստանում այդ փողը՝ գաղտնի կամ ոչ գաղտնի որոշումներով։
Իրենց ասած թալանը կամ «ծրարով» փող ստանալը դրել են օրինական հիմքերի վրա ու գումարները հանում են բյուջեից։ Դրա վկայություններից մեկն էլ տարեվերջին բյուջեից 3.5 մլրդ դրամի շրջանակներում տրված բարձր պարգևավճարներ են։ Ոչ մի տարբերություն՝ այդ փողը պաշտոնյաները ծրարո՞վ են ստանում, թե՞ առանց ծրարի։ Ծրարով, թե առանց ծրարի, այդ գումարները երկնքից չեն ընկնում, դուրս են գալիս բյուջեից։ Դրա համար էլ փորձում են ամեն ձևով թաքցնել։
Եթե չլինեին լրագրողների բացահայտումները, պաշտոնյաների պարգևավճարներն էլ էին գաղտնի պահելու ժողովրդից։ Ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր 7 սարի հետևում թաքցնում պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու վերաբերյալ որոշումը։ Մինչև չբացահայտվեց, չխոստովանեց, որ ժողովրդից թաքուն, բյուջեի փողերով կրկնապատկել է պաշտոնյաների աշխատավարձերը։
Եթե չլինեին պետության հաշվին իրենք իրենց նվիրած բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, ինչո՞վ էին բնակարաններ ու ավտոմեքենաներ ձեռք բերելու։ Հայտարարագրերում ցույց են տալիս, թե վարկերով են ձեռք բերել, ինչպես հասարակ քաղաքացիները, բայց այդ վարկերը փակում են պետական բյուջեի հաշվին։ Պետական բյուջեից բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ են ստանում ու փակում վարկերը։
Սա վերջին տարիներին համակարգային բնույթ ստացած երևույթ է, ինչը կոռուպցիայի ու բյուջեն թալանելու յուրահատուկ դրսևորում է։ Կոռուպցիայի նոր մոդելներ են ստեղծել՝ բյուջեի հաշվին «օրինական» ճանապարհով հարստանալու համար։ Դրա արդյունքում է, որ գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաները հիփոթեքով բնակարան են գնել, երբեմն՝ անգամ մեկից ավելին։ Մի կողմից՝ «օրինական» ճանապարհով մեծ գումարներ են ստացել պետական բյուջեից, մյուս կողմից՝ այդ գումարների հաշվին վարկերով բնակարաններ են գնել, այլ գույք ու միջոցներ են ձեռք բերել։
Որևէ մեկը հաշվե՞լ է, թե միայն բնակարանների ձեռքբերման համար վերցրած հիփոթեքային վարկերի դիմաց եկամտային հարկի տեսքով տարեկան ինչքան փող են հետ ստացել պետական պաշտոնյաներն ու մյուս ՔՊ-ականները։ Այդ ծրագրով պետական բյուջեից 1 միլիարդ դոլարից ավելի գումար է դուրս եկել։ Գումարի մի մասն էլ մտել է այսօրվա պաշտոնյաների ու ՔՊ-ականների գրպանը։
Այնպես որ, թալանը միայն բյուջեից պարգևավճարներ ստանալը չէ, նաև այն գումարներն են, որոնք տարբեր ձևերով հետ են բերել։ Իրենց ստեղծած «օրինական» միջոցներով՝ բյուջեի հաշվին իրենց համար բնակարաններ են գնել։ Ու այնպես են արել, որ տարիներ շարունակ իրենց բնակարանների վարկերը փակելու համար բյուջեից փոխհատուցում ստանան։
Բյուջեի «օրինական» թալանի ձևերից մեկն էլ իշխանության գալուց հետո եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակից հրաժարվելն էր։ Պրոգրեսիվ սանդղակը նախատեսում էր շատ ստացողից՝ շատ հարկերի գանձում, քիչ ստացողից՝ քիչ։
Ի՞նչ արեցին իրենք. Շատ ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափն իջեցրեցին, որպեսզի իրենց բարձր աշխատավարձերից, հավելավճարներից ու պարգևավճարներից ավելի քիչ հարկեր վճարեն պետական բյուջե։
Ո՞վ է հաշվել, թե սրա հետևանքով ինչքան գումար չի ստացել բյուջեն պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձերից։ Այդ գումարները բյուջե մտնելու փոխարեն՝ մնացել են այդ մարդկանց գրպանում։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։
Ո՞վ կարող է երաշխավորել, որ եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափից հրաժարվելը հատուկ իրենց բարձր աշխատավարձերի համար չեն արել։
Արդարանում են, որ անցած տարվա վերջին բյուջեից ստացած միլիոնները պարգևավճար չեն, աշխատավարձ են, կարծես դրանով մեծ բան է փոխվում։ Ի՞նչ տարբերություն, թե այդ գումարներն ինչի անվան տակ են դուրս եկել պետական ու համայնքային բյուջեներից, մտել պաշտոնյաների գրպանը։
Վերջնարդյունքը երկու դեպքում էլ նույնն է՝ բյուջեին միլիարդավոր դրամների վնաս են տվել։ Ու այդ պրակտիկան խոստանում են դարձնել մշտական։
Պարզվում է՝ անցած տարվա վերջին բաժանած գումարները, միայն առաջին կեսի կատարողականների համար են ստացել։ Երկրորդ կեսի կատարողականների համար դեռ առաջիկայում պիտի ստանան։ Բայց դա կանեն արդեն հավանաբար ընտրություններից հետո։
Ընտրություններից առաջ այդպիսով պետական պաշտոնյաներին ու պետական ապարատի աշխատողներին կաշառքի խոստում են տալիս։ Արդեն հասարակության համատարած դժգոհություններին, սոցիալական անարդարության ու քաղաքացիների զայրույթին չեն էլ նայում, առավել ևս՝ չեն նայելու ընտրություններից հետո, եթե հանկարծ վերարտադրվեցին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
