Իշխանությունը զավթելուց 8 տարի հետո էլ, ՔՊ-ականները շարունակում են նախկիններին մեղադրել պետությունը թալանելու ու պաշտոնյաներին «ծրարով» փող բաժանելու մեջ։ Չնայած, այդպես էլ այդ «թալանն» ու «ծրարով» փող բաժանելը ջրի երես դուրս չեն գալիս։ Ութ տարում չկարողացան որևէ հաստատված փաստ ներկայացնել, որ նախկինում «ծրարով» փող են բաժանել պետական պաշտոնյաներին։ Թալանի ու «ծրարով» փող բաժանելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող մեղադրանքներն ինչպես եղել, այնպես էլ մնում են Նիկոլ Փաշինյանի հիվանդագին երևակայության ու մտասևեռումների շրջանակներում։
Այսօր քաղաքացին բառի բուն իմաստով թալանվում է գրեթե ամենօրյա ռեժիմով․ մեկ տարի առաջ Երևանում 13-15 անգամ թանկացավ կայանման վճարը՝ «կարմիր գծերի փողը»․ նախկին տարեկան 12.000 դրամի փոխարեն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար այսօր քաղաքացին վճարում է 160.000 դրամ (իսկ եթե վարորդը վճարում է ոչ թե միանվագ շատ-շատերի համար անհասանելի 160.000 դրամը, այլ յուրաքանչյուր ամիս՝ 18.000 դրամ, ապա տարեկան արժեքը կազմում է 216.000 դրամ)։