Բաժիններ՝

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում և կարևորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց հայ-լատվիական  միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում և բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը  զարգացնելու տնտեսական  համագործակցությունը: Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը  հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային և փոխշահավետ փոխգործակցության համար:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը  առաջին տեղում է:

ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը ընդգծեցին, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես  էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվեց նաև այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, կարևորեցին տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման արժեքներին,  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի  հարևան երկրներ Լիտվան, Շվեդիան և Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի և Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը և  հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները,  ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ծավալվեց անկեղծ և անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ռիգայի ազատ գոտու գործունեւությունը և նավահանգստի կառավարման համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930